Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզում Հայաստանին կպարտադրեն տարածքների զիջում». Արա Պապյան

Հուլիս 12,2016 15:11

«Կողմերին կոչ կանեն խաղաղության հարցը լուծել, կճնշեն Հայաստանին եւ կպարտադրեն տարածքների զիջում: Հայաստանն ավելի թույլ կողմ է: Ալիեւի վրա ճնշում պետք է բանեցնեն, որ տեղակայի մոնիթորինգի սարքերը, բայց նա չի անի այդպիսի բան»,-Փարիզում սպասվելիք Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման շուրջ նման դիտարկումներ է անում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր նա կարծիք հայտնեց, որ Արցախի հարցում գնալով ավելանում է հայկական կողմի վրա ճնշումը եւ հարցի լուծումը դիտարկվում է հայկական կողմի միակողմանի զիջումների համատեքստում. «Ոմանք դա անվանում են «փոխզիջում»: Բնավ այդպես չէ, Ադրբեջանը ոչինչ չի զիջում, Ադրբեջանը խոստումներ է տալիս, բայց ինչ կլինի` չգիտենք: Այդ երկրի նախագահը հայտարարում է, որ բացառվում է ԼՂՀ անկախությունը: Մենք վախենում ենք Ղարաբաղի «նախիջեւանացումից», իսկ իրենք մեզ փորձում ենք դա հրամցնել որպես փոխզիջում»:

Արա Պապյանի համոզմամբ` Արցախի հակամարտության շուրջ բանակցությունների հիմքում դրված է Կազանի փաստաթուղթը, որով առաջարկվում է «ավելի կայուն վիճակ` տարածքների դիմաց». «Որ ավելի կայուն կլինի, խիստ կասկածներ ունեմ, հակառակը` կապակայունացնի վիճակը: Ցանկացած հաջողություն Ադրբեջանը ներկայացնում է որպես իր հաղթանակ եւ դրա վրա կառուցում իր հարձակողական քաղաքականությունը»:

Քաղաքագետի խոսքով` շփման գծում դիտորդների թվի ավելացմամբ ոչինչ չի փոխվելու, քանի որ դեռեւս ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ եռանախագահները գիտեին` ով է նախահարձակ եղել, սակայն դատապարտող հայտարարություններ այդպես էլ չարեցին. «Եթե Ադրբեջանը շարունակելու է պնդել, թե պատրաստ է ճանաչել Արցախի կարգավիճակը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, հարցն այդպես էլ կմնա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031