Պատասխանելով համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոյի՝ Հայաստանում ռուսական ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Սա նոր թեմա չէ մեր իրականությունում: Սկզբնական շրջանում նույնիսկ ունեինք ԱՊՀ մեկ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ: Մենք շատ վաղուց, հիմա դժվարանում եմ ասել, բայց առնվազն յոթ-ութ տարի մենք ինքներս Հայաստանում ունենք Ս-300 համակարգեր եւ մեր հակաօդային պաշտպանության հիմնական միջոցները հենց Ս-300-ներն են: Եվ եթե ՀԱՊԿ Հակաօդային պաշտպանություն համակարգում եւս նոր հրթիռներ տեղադրվեն Հայաստանում, դա միայն ու միայն դրական կարող են լինել, որովհետեւ դրանք հակաօդային պաշտպանության միջոցներ են, այսինքն, պաշտպանողական միջոցներ են:
Բայց պիտի ասեմ, որ այդ միասնական համակարգ կոչվածը չի նշանակում ազգային համակարգերի վերացում: Կոնկրետ այս պարագայում Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության պետը եւ հրամանները ինքն է արձակելու: Այսինքն, սա ոչ թե ազգային ՀՕՊ-երի վերացում է եւ մի ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում: Եվ սա շատ նորմալ է: Մեր հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք մենք՝ մեր գործընկերների աջակցությամբ: Այնպես, ինչպես մեր գործընկերները իրենց հակաօդային պաշտպանության խնդիրները իրականացնելու են իրենց ուժերով, անհրաժեշտության պահին՝ մեր օժանդակությամբ: Ես այս հարցերին շատ մանրամասն եմ տիրապետում, որովհետեւ ամենայն հավանականությամբ գիտեք, որ ես տեւական ժամանակ եղել եմ պաշտպանության նախարար եւ այս խնդիրներին ծանոթ եմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ