Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՏՁՄ մեկնարկում է զորացրվող զինծառայողների տեխնոլոգիական կրթության և զբաղվածության ապահովման ծրագիր

Հուլիս 12,2016 14:02

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը, որի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ և հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում աճող ակտիվությունը և մասնագետների պահանջարկը շուկայում՝ ծրագիրը միտված է լուծելու դասընթացն ավարտած անձանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև նրանց մեջ սերմանելու տեխնոլոգիական ձեռներեցության հմտություններ:

Ներկայումս ԻՏՁՄ-ն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) դպրոցներում ու ուսումնական կենտրոններում հիմնել է շուրջ 130 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը:

Ծրագիրն իրականացվելու է դասընթացների միջոցով: Ծրագրի տևողությունը վեց ամիս է: Յուրաքանչյուր ուսումնական խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 15 անձ: Դասընթացը հնարավորություն կտա խմբում ընդգրկված անձանց տիրապետելու ծրագրավորման հիմնական սկզբունքներին՝ սկսած նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչև բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), ինչպես նաև սովորել ռոբոտաշինության սկզբունքները: Վերը նշված լաբորատորիաներում առկա են եռաչափ տպիչ, շաղափային հաստոց, ռոբոտի հավաքածու և համակարգիչներ: Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի ս.թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երևանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է.

* Անձը հաստատող փաստաթղթով և զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կոմիսարիատ և հաշվառվել:

* Հաշվառվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում գործազուրկի կամ աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար: Հաշվառվելիս անձը պետք է ցանկություն հայտնի ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերելու համար:

* Կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) սույն ծրագիրը համակարգողի հետ՝ զանգահարելով +374-11-54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:

Նշենք, որ ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Զինվորական կոմիսարիատը:

Շուշանիկ Ներսեսյան

ԻՏՁՄ

Հանրային կապերի պատասխանատու

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031