Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հուլիսի 12-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Ըստ նրա, հարաբերությունները գերազանց վիճակում են գտնվում, կենդանի շփումներ են կատարվում, կա այցերի հոսք: Դեսպանը ընդգծեց, որ քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը հիանալի են ընթանում, սակայն նա առանձնացրեց երեք ոլորտներ, որոնց շրջանակներում կցանկանար հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնել:
Այդ ոլորտներից առաջինը տնտեսությունն է. «Ըստ իս, մենք կարող ենք անել անհամեմատ ավելի շատ, քան անում ենք այսօր: Դեսպանատունը բավականին ակտիվ գործունեություն է վարում թե՛ այստեղ Հայաստանում հիմնված եւ գործունեություն ծավալող առեւտրաարդյունաբերական հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական պալատին եւ թե՛ Ֆրանսիայում նմանատիպ կառույցների հետ: Տնտեսական հարցերի առնչությամբ բավական ինտենսիվ բանակցություններ ենք վարում նաեւ Հայաստանի իշխանությունների հետ: Տնտեսական ոլորտին առնչվող հարցերը մանրազնին արծարծվեցին մեկ-երկու ամիս առաջ իմ եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ հանդիպման ընթացքում»:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ մի քանի ոլորտներ իրենց համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում, դրանք են ջրամատակարարումը, ջրի մաքրման աշխատանքները, տրանսպորտը, առողջապահությունը: Որպես երկրորդ հետաքրքրող ոլորտ դեսպանն առանձնացրեց Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդումը: Իսկ երրորդ ոլորտը ինստիտուցիոնալ համագործակցությունն է:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ