Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. Եթե ֆորս-մաժորներ չլինեն, ԼՂՀ հարցում դրական զարգացումներ չեն լինի

Հուլիս 12,2016 13:50

ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունների լարվածությունը քաղաքագետ Աղասի Ենոքյանը չի գնահատում սառը պատերազմի գնացող զարգացումներ: Դրանք, ըստ նրա, գլոբալ հակամարտություն են՝ և տնտեսության, և գաղափարախոսության, և ռազմական բնագավառում: Իր կարծիքը քաղաքագետն այսօր բարձրաձայնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովի հետքերով. ի՞նչ սպասել հետո» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:

Քաղաքագետը սովետական շրջանի սառը պատերազմը համարում է սոցիալական համակարգի այդ շրջանում նույնիսկ որոշակիորեն դրական: Իբրեւ օրինակ էլ բերում է Յուրի Գագարինի տիեզերք թռիչքը ու նկատում, որ այսօր ՌԴ-ն որևէ ձևով չի հակադարձում հյուսիսատլանտյան դաշինքին: «Ինչ է ՌԴ-ն հակադարձում շուկայական հարաբերություններին՝ կոռուպցիոն բլոկո՞վ, ինչը հակազդում չի կարող համարվել: Գաղափարախոսական բնագավառո՞ւմ ինչպես է հակադարձում լիբերալ կողմնորոշմանը: Վուլգար նացիոնալիզմով հակադարձելը ևս ոչինչ տանող ճանապարհ է»,-ասաց նա:

Աղասի Ենոքյանն արձանագրում է`ՌԴ-ն ունի լուրջ զսպման քաղաքականություն, որն արտահայտվում է թե սովորական, թե հրթիռային սպառազինությունների միջոցով:

Նկատում է` ինչ-որ տեղ խոսում են նաև ՌԴ-ի միջուկային սպառազինությունների մասին: «Թաքցնելու չի, որ ՌԴ-ն շատ ավելի սպառատեխնիկա, տանկեր ունի, քան ՆԱՏՕ-ն, այլ խնդիր է, թե ինչո՞վ է էֆեկտիվ ռուսական զորքը: ՌԴ-ն, այո, կարող է հաղթել Վրաստանին, կարող է հաղթել Ուկրաինային, բայց պատրաստված ՆԱՏՕ-ի զորքին՝ խիստ կասկածելի է: Սա առաջին հերթին հիբրիդային պատերազմից այս երկրներից զերծ պահելու համար է: ՆԱՏՕ-ն, ըստ էության, վերադառնում է որպես ՌԴ-ին զսպող կառույցի իր դիրքին»,-ասաց քաղաքագետը:

Ի՞նչ պիտի անի ՌԴ-ն այս պարագայում`նահանջի՞, թե՞ ավելի ագրեսիվ դառնա`իր հնչեցրած հարցին Աղասի Ենոքյանն ինքն էլ պատասխանում է. «Փորձը ցույց է տալիս, որ ՌԴ-ի մոտ «նահանջ` երգով» չի ստացվում, «նահանջ` ճռռոցով» է ստացվում»:

Վերլուծելով ՆԱՏՕ-ի`Վարշավայի գագաթաժողովը, Աղասի Ենոքյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ին չհաջողվեց ուժեղացնել իր Հարավային թեւը, քանի որ հաջորդ իսկ օրը ՌԴ-ն ու Ադրբեջանը հայտարարեցին`շարունակելու են սպառազինությունը, ինչն, ըստ քաղաքագետի, ըստ էության, պատերազմը շարունակելու կոչ էր: «Հարցն այն չէ, թե Ադրբեջանին զենք պե՞տք է, թե՞ ոչ: Հարցն այն է, որ այո չենք դադարեցրել ռազմական ուղով խնդիրը լուծելու պատրաստակամությունը»,-ՌԴ-ից եւ Ադրբեջանից հնչած հայտարարությունները ԼՂՀ հարցի պրիզմայում դիտարկելով, ասաց նա:

Թե Վարշավայում կայացած Սարգսյան-Ալիեւ եւ մյուս ձեւաչափերով հանդիպումների ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկվել, ըստ նրա, ավելի պարզ կլինի փարիզյան հայտարարությունից հետո. «Ամեն դեպքում, իրերի նման զարգացման դեպքում ես վատատես եմ. եթե ֆորս-մաժորներ չլինեն, չեմ կարծում, որ դրական զարգացում այստեղ կարող է լինել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031