Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից բացի, անդրադարձել է տարածաշրջանային և միջազգային քաղաքականությանն առնչվող մի շարք թեմաների։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։
Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Հույս ունեմ, որ այս իրավիճակը կօգնի համատեղ լուծումներ գտնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում, որտեղ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներն էականորեն տարբեր են»։
Լավրովն անդրադարձել է նաև վերջերս Սոչիում իր և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը. «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Սոչիում կայացած հանդիպումը հնարավորություն է տալիս մտածել, որ մեր և թուրք գործընկերների միջև ավելի քիչ անհամաձայնություն կլինի»։
Լավրովն իր խոսքում քննադատել է նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրային՝ նշելով, որ վերջինս խուսափում է կատարել իր պարտականությունները։