Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, անհնար է

Հուլիս 12,2016 13:39

«Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր եւ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց եւ խորհրդայնացման գաղափարները տարածվեցին մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր, թեեւ՝ շատ փոքր ժամանակահատված: Նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որեւէ ընդհանրություն: Այդպես վարվեցին նաեւ Նախիջեւանի հետ: Այսօր Նախիջեւանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Մի քանի տարի առաջ Նախիջեւանում մի քանի հազար խաչքարեր ջարդվեցին-փշրվեցին բոլորի աչքի առաջ: Եվ ոչ մեկը, այդ թվում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, չկարողացավ այդ հանցագործությունը կանխել:

Լեռնային Ղարաբաղում, սկսած 1921 թվականից, մարդիկ այդ մտքի հետ ուղղակի չեն համակերպվել: Եվ կախված նրանից, թե Սովետական Միությունում ինչպիսի փոփոխություններ էին տեղի ունենում, թե ինչքանով ազատ կարելի էր արտահայտել տեսակետ, այդ շարժումը պարբերաբար բերվում էր իրականություն: Մարդիկ ցանկանում էին վերամիավորվել Հայաստանի հետ: Եվ անկեղծ եմ ձեզ ասում, եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրեն Ադրբեջանի կազմում, հավատացեք՝ անհնար կլինի: Այդ մարդիկ չեն համաձայնի:

Խոսքս ուժի մասին չէ: Ցանկացած գերտերություն, ցանկացած միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծել: Ասելս հետեւյալն է. կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, անհնար է», – համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031