«Այն, որ այդ գնդապետը Խաչատուրովի որդին է, ինձ համար նշանակություն չէր ունենա, եթե նրա անվան շուրջ չլինեին նման հրապարակումներ, թե բանակից ազատվել է, հետո վերականգնվել: Նման անցյալ ունեցող մարդուն չեն նշանակում կորպուսի հրամանատար, առավել եւս` ապրիլյան դեպքերից հետո: Սա նշանակում է` կամ մենք ավելի լավը չունենք, բայց կարծում եմ` ունենք, կամ սա արվում է այն հեռանկարով, որ Խաչատուրովին շուտով կփոխեն` կուղարկեն պատվավոր հանգստի: Օրինակ` կտան գլխավոր տեսուչի պաշտոնը, բայց որ շատ չնեղանա` թոշակ, ծառայողական մեքենա, աշխատավարձ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր խոսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու` գնդապետ Գրիգորի Խաչատուրովի` ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվելու մասին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա կարծիքով` զինված ուժերում արված փոփոխությունները բավարար չեն. «Ժամանակավորապես ձերբակալված մի գեներալ, մի երկու պաշտոնանկություն, բայց ոչ մի լուրջ հետեւություն: Ոչ մեկը պատասխանատվություն չկրեց` այն դեպքում, երբ մենք հարձակողական պատերազմ չէինք մղում եւ զոհեր չպետք է լինեին: Այդ պատճառով մտահոգություն ունեմ` հաջորդ պատերազմի ժամանակ ինչո՞ւ պետք է արդյունքը լավը լինի, եթե լրջագույն հետեւություններ չենք արել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ