ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.
«Ցեղասպանությունը ճանաչելը քրիստոնեական երանգ չունի: Ցեղասպանությունը ճանաչել են ոչ միայն քրիստոնեությունը դավանող անհատներ կամ պետություններ: Խոսքն այստեղ ոչ թե քրիստոնյայի, այլ՝ մարդու, հումանիստի մասին է, ով դատապարտում է մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը: Որոշ պարագաներում, հարցերում մեր այսպես կոչված հարեւանները փորձում են այդ խնդիրներին կրոնական երանգ հաղորդել՝ կախված լսարանից:
Թեմաները գուցե խառնվեն, բայց ուզում եմ երկու այդպիսի օրինակ բերել: Մեկը՝ հենց ցեղասպանության հետ կապված: Ցեղասպանության ենթարկվողը եւ իրագործողը, կարծում եմ, կրոնական համոզմունքներից չի ելնում: Չեմ կարծում, թե Օսմանյան կայսրությունում տուժել են միայն քրիստոնյաները, կամ միայն հայերը: Սա՝ մեկ:
Երկրորդ: Ադրբեջանը նույնպես փորձում է Ղարաբաղի խնդրին կրոնական երանգ հաղորդել, ինչը իրականության հետ բոլորովին կապ չունի: Այսինքն, երբ լսարանը իսլամական է, մահմեդական է, նրանք այս երանգավորումն են փորձում հաղորդել: Երբ լսարանը եվրոպական է, նրանք արդեն խոսում են տարածքային ամբողջականության մասին: Երբ Հեռավոր Արեւելքում են, մեկ այլ բանի մասին են խոսում:
Կարդացեք նաև
Բայց գոնե հայերի մասով երբեք չի կարելի մտածել, թե հայերը զուրկ են համակեցության գաղափարներից: Այսօր մենք փայլուն հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության, արաբական բազմաթիվ երկրների հետ: Եվ եթե համակեցության կանոնները մեզ համար բարձր կանոններ չեն, ապա սա ինչպե՞ս է ստացվում: Մենք հայկական հզոր համայնքներ ունենք արաբական աշխարհում, Իրանի Իսլամական Հանրապետությունում: Եվ դրանք մեկ, հինգ, տասը տարվա չեն:
Մենք համակեցության կանոնները շատ լավ գիտենք եւ այս հարցում բոլորովին համաձայն չենք Թուրքիայի իշխանությունների հետ եւ այստեղ կրոնական խնդիր բացարձակապես չկա: Գուցե նրանք այդ կանոններով են ղեկավարվում, բայց ոչ մենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ