Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցելության շրջանակներում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Կայացած հանդիպումից հետո երկու երկրների նախարարները ներկայացել են մամուլի ասուլիսին, որի ընթացքում խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսություններն ընթանում են շատ աշխույժ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար։ Գիտակցում կա, որ անհրաժեշտ է փուլ առ փուլ, քայլ առ քայլ ազատել սեղանը չլուծված հարցերից և խնդիրներից»։