Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները

Հուլիս 12,2016 12:05

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հարգելի Պավլո,
Հարգելի Յոհանես,
Հարգելի Հելգա,
Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ուկրաինացի գործընկերոջը` այս ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալելու համար:

Այս տարի մենք արդեն երկու անգամ հանդիպել ենք՝ Պրահայում և Բրյուսելում՝ քննարկելու Եվրոպական միության հետ համագործակցության մեր տեսլականը և Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ հարաբերությունների հեռանկարները: Հուսով ենք, որ ԵՄ-ն կկարողանա շուտափույթ հաղթահարել Բրեքսիթի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելուն և խորացնելուն ուղղված ջանքերը:

Այս ձևաչափով Թբիլիսիում կայացած մեր վերջին հանդիպմանը հաջորդած ամիսները բեղմնավոր էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսակետից: Անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրն արտացոլելու է մեր երկկողմ հարաբերությունների խորությունը և էությունը, ինչպես նաև նոր ուղեցույցեր է նախանշելու՝ ամուր և համընդգրկուն գործընկերության համար: Մինչ օրս բանակցությունների չորս փուլ է անցկացվել, որոնց արդյունքում շոշափելի առաջընթաց է արձանագրվել:

Հարգելի գործընկերներ,
2015թ. մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովի արդյունքները և ընդունված Համատեղ հռչակագիրը նախանշեցին առաջիկա տարիներին մեր գործընկերության և համագործակցության միասնական տեսլականը: Հայաստանը ակտիվորեն իրագործում է Համատեղ հռչակագրի դրույթները:
Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Մեկ ամիս առաջ Հայաստանը միացել է հետազոտության և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում միանալ նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որն առաջարկում է մշակութային փոխանակումների առավել լայն շրջանակ, ինչպես նաև ակնկալում ենք այս տարի սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախապայմաններից մեկը շարունակում է մնալ շարժունակությունը: Մեկ ամիս առաջ Երևանում անցկացվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման հարցերով մոնիտորինգային համատեղ կոմիտեների երրորդ հանդիպումը: Կողմերն արձանագրեցին այդ համաձայնագրերի հաջող իրագործումը: Ակնկալում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի միջոցով կյանքի կոչել ազատ տեղաշարժի և ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը

Հարգելի գործընկերներ,
Հայաստանի կառավարությունը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացը: Մայիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց նոր Ընտրական օրենսգիրք: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համատեղ եզրակացության մեջ գոհունակությամբ արձանագրվում են «իշխանությունների կողմից գործադրված շոշափելի ջանքերը՝ հաշվի առնելով ներքին շահառուների լայն ներգրավման հիման վրա արված առաջարկությունները» և նշվում է, որ «ընտրական օրենսգրքի նախագիծը կարող է համապատասխան հիմք ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»:
Լրացուցիչ առաջընթաց ապահովելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը շարունակեց աշխատել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, ինչի արդյունքում կառավարության և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև կնքվեց Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ ընդգրկելու վերաբերյալ պայմանավորվածություն՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացներն առավել արդար, համընդգրկուն և թափանցիկ դարձնելուն:

Այս համատեքստում թույլ տվեք նշել, որ մենք մեծապես կարևորում ենք տարիների ընթացքում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում:

Հարգելի գործընկերներ,
Վերջին տասնամյակում ԵՄ Հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը եղել է մեր համագործակցության ճանապարհային քարտեզը: Այժմ՝ ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայումից հետո, ակնկալում ենք Գործընկերության առաջնայնությունների նոր փաստաթղթի մշակում, ինչը նոր շրջանակային համաձայնագրի հետ միասին կդառնա ԵՄ հետ մեր ամուր քաղաքական և տնտեսական համագործակցության առանցքը:

Հարգելի գործընկերներ,
Քանի որ մենք այստեղ ենք քննարկելու նաև անվտանգության մարտահրավերները, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների վրա:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախ և առաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում:

Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը: Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հարգելի գործընկերներ,

Գնահատելով այս ձևաչափի արդյունավետությունը մեր առջև ծառացած հարցերը քննարկելու և առաջ մղելու առումով՝ Հայաստանը առաջարկում է Երևանում հյուրընկալել Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հաջորդ հանդիպումը: Այս առումով մենք հույս ենք հայտնում երևանյան հանդիպման միջոցով բովանդակալից ներդրում ունենալ մեր համագործակցությանը:

Շնորհակալություն:
ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031