2016թ. հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Լավրովի հետ հանդիպման ընթացքում Ալիևը հայտնել է, որ ինքն առաջընթաց է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. «Մենք գնահատում ենք ռուսական կողմի ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Հուսով ենք՝ դինամիկան կպահպանվի։ Այժմ, իմ կարծիքով, մենք ականատեսն ենք ամենաընդգրկուն, ամենաակտիվ գործընթացի։ Ձեր այցը վկայում է, որ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Մենք նույնպես հետաքրքրված ենք, ցանկանում ենք հակամարտության արագ կարգավորում»։
Իր խոսքում Սերգեյ Լավրովն ասել է, որ մտադիր է որոշակիացնել հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը. «Մենք գնահատում ենք Ձեր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ՝ հակամարտության կարգավորման գործում։ Գործընթացն իսկապես շարժվում է, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքներից։ Նրա հանձնարարությամբ ես այցելում եմ երկու երկրների մայրաքաղաքները։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կընձեռի ավելի որոշակի հստակեցնել հետագա քայլերը»։