Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Գալու է ժամանակ, երբ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը»

Հուլիս 12,2016 11:27

«Մեր տարածաշրջանը, միգուցե, աշխարհագրական առումով լինելով ոչ շատ ընդարձակ, այնուհանդերձ, էական ազդեցություն ունի մեր ավելի մեծ տարածաշրջանի վրա: Եվ այն հակամարտությունները, որ գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ի վիճակի են մեծանալու, ահագնանալու եւ սպառնալիք դառնալու Եվրոպայի անվտանգության համար, Ռուսաստանի անվտանգության համար, իհարկե, նաեւ Արեւելքի: Եվ այն ջանքերը, որ գործադրում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ի դեմս Ֆրանսիայի, շատ կարեւոր ջանքեր են: Եվ Պապը իր այցով, իր ուղերձներով համալրում է այս ջանքերը: Պապի այցը Հայաստան՝ խաղաղություն, խաղաղ համակեցություն, հանդուրժողականություն քարոզող այց էր:

Թուրքական իշխանավորները ոչ միայն Պապի գնահատականներին են ջղային արձագանքում: Նրանք ջղային արձագանքում են բոլոր այն երկրների գործողություններին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանը: Եվ այստեղ մեզ համար զարմանալի ոչինչ չկա: Շատերը տարակուսանք են հայտնում, թե Պապը ինչու անպայման շեշտեց, արտաբերեց Ցեղասպանություն բառը: Բայց եթե քաղաքական կամ հոգեւոր գործիչը, կամ ընդհանրապես մարդը, որ ունի համոզմունք, ունի պատկերացումները իրերի եւ իրադարձությունների վերաբերյալ, ինչո՞ւ ինչ-որ դեպքերում պետք է դրանք պահի, ինչո՞ւ չպիտի ասի: Առավել եւս, որ անցած տարի Վատիկանում տեղի ունեցած Պատարագից ընդամենը շաբաթներ անց որոշ մարդիկ սկսեցին խոսել՝ իբր Պապը փոխել է իր վերաբերմունքը եւ Ցեղասպանություն բառն այլեւս չի արտաբերի:

Ես կարծում եմ՝ Պապը այն մարդկանց թվին չի պատկանում, ովքեր ջղային արձագանքների ներքո կամ ինչ-որ ճնշումների պարագայում կարող են փոխել համոզմունքը: Պապը դեռ հոգեւոր առաջնորդ էր Արգենտինայում, բազմաթիվ անգամ Ցեղասպանություն է ասել: Երբ որ տասնամյակներ շարունակ շփվել է այն մարդկանց հետ, ովքեր մազապուրծ են եղել Ցեղասպանությունից, կամ նրանց զավակներն են: Կարծում եմ՝ գալու է ժամանակ, երբ որ թուրքերը շատ հանգիստ են արձագանքելու այս փաստին: Ես նկատի ունեմ Թուրքիայի իշխանությունները: Որովհետեւ, եթե մի քիչ ետ նայելու լինենք, կտեսնենք, որ 5, 7, 10 տարի առաջ բոլորովին այլ կերպ էին արձագանքները:

Տասը տարի առաջ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ Ստամբուլում կամ Անկարայում ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության տարելիցի օրը, թուրքերը կարող են դուրս գալ փողոց եւ համերաշխություն հայտնել հայերին: Հիմա այդ փաստերը կան եւ դրանից չես կարող որեւէ տեղ գնալ:

Ասածս հետեւյալն է. գալու է ժամանակ, երբ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը», – վստահություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031