Այս տարվա փետրվարից սկսվել են Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարանի շինարարական աշխատանքները: Aravot.am-ը մի քանի օր շարունակ նկարահանումներ իրականացրեց շինհրապարակում` պարզելու արդյոք շինարարական աշխատանքներն ընթացքի մե՞ջ են: Սակայն աշխատանքները կարծես թե դանդաղել են կամ ընդհանրապես կանգ են առել:
Պատճառները ճշտելու համար կապ հաստատեցինք «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հետ: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ հիմնադրամը գործնական հատվածով մասնակից չէ շինարարության ընթացքին. «Մենք միայն վերահսկող ֆունկցիա ունենք, որովհետև պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության նախարարությունն է, իսկ շինարարը «Հորիզոն 95»-ը՝ Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ»:
Կարդացեք նաև
Պարոն Մաթևոսյանը հավելեց, որ եթե ֆինանսավորում լինի, շինարարն իրեն ասել է, որ այս տարի կավարտի աշխատանքները: Դավիթ Մաթևոսյանը, սակայն, փոխանցեց. «Բայց ամբողջ ֆինանսավորման միայն քսան տոկոսն է տրամադրված, եթե չեմ սխալվում: Կառավարությունը պետք է փոխանցի գումարները»:
Կառուցապատող ընկերության՝ «Հորիզոն 95»-ի ղեկավար Գագիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ժխտեց շինարարության ընդհատման հետ կապված հարցը և փոխանցեց հետևյալը. «Շինարարությունը սկսած օրվանից ոչ մի վայրկյան չի ընդհատվել: Սկսած օրվանից շինարարներն անընդմեջ աշխատում են, և ոչ մի խնդիր չի առաջացել»:
Շենքի ֆինանսավորման հետ կապված հարցին ի պատասխան` պարոն Գալստյանը փոխանցեց, որ դրանով զբաղվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը է, և թե ինչքան գումար ունեն նրանք, չի կարող ասել. «Մենք ունենք ընդհանուր տենդերային արժեք, և մեզ հետ փուլերով կապում են պայմանագիր: Եթե մենք երկրորդ փուլն ավարտենք, կիմանանք, կա գումար, թե ոչ, գումար ունե՞նք երրորդ փուլի համար պայմանագիր կնքելո՞ւ են, թե ոչ: Գումարային ապահովվածությունը պետք է ճշտել քաղաքաշինության նախարարությունից: Ես և իրավասու չեմ և տեղյակ էլ չեմ: Մեզ էլ է հաճելի, եթե կան միջոցներ, ծրագրավորենք: Ավարտենք»:
ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը Aravot.am-ի հետ զրուցում նշեց, որ շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 470 միլիոն դրամ. «2015 թ. շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 միլիոն դրամ, իսկ 2016 թվականին՝ 98 միլիոն: 2017 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 60 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը կտրամադրվի նախարարության խնայողություններից»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ