61 տարի առաջ էր, երբ Վարշավայում Մոսկվան դաշինք կնքեց Արեւելյան Եվրոպայի, այսպես կոչված, «սոցիալիստական» դարձած, իսկ ավելի ճիշտ՝ Ստալինի կողմից այդպիսին դարձրած պետությունների հետ՝ անունն էլ դնելով Վարշավայի պայմանագրի կազմակերպություն: Այն կոչված էր պաշտպանելու «սոցիալիզմի նվաճումներն» Արեւմուտքից, այսինքն՝ միակուսակցական համակարգը, պետական միակ օրինական գաղափարախոսություն «սոցիալիզմ-կոմունիզմը», կոլխոզները, մասնավոր սեփականության արգելքը, շուկայի բացակայությունը, կենտրոնացված պլանային տնտեսությունը եւ մի շարք այլ «բարիքներ»:
Իհարկե, այդ «արգելոցում» հայտնված եվրոպացիները զգում եւ տեսնում էին «սոցիալիզմի ճամբարում» կյանքի կազմակերպման ռուսական համակարգի եւ եղանակի ողջ թշվառությունը: Արեւելյան Գերմանիան, Հունգարիան, Չեխոսլովակիան, Լեհաստանն ընդվզեցին այդ զավեշտի դեմ դեռ սովետական տարիներին, եւ այդ համակարգը դեռ պիտի ճնշեր ապստամբությունները եւ փորձության ենթարկեր մարդկանց համբերությունը, մինչեւ տեղի ունեցավ անխուսափելին. Սովետական-ռուսական կայսրությունը փլուզվեց:
2016-ի հուլիսի 8-9-ին արդեն Կենտրոնական Եվրոպայի առաջատար պետություն դարձած Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան հյուրընկալեց պատմության ամենահզոր եւ ամենահաջողված դաշինքի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Ներկայիս Ռուսաստանը նորից վերադառնում է իր կայսերական արմատներին, ստեղծում ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլ անբարեհունչ հապավումներով «միություններ», շարունակում է հակադրվել Արեւմուտքին` արդեն անգաղափար, ավելի թույլ եւ ավելի օպերետային, բայց ոչ պակաս վտանգավոր: Նա պատերազմներ, թշնամություն եւ ատելություն է սանձազերծում իրեն հասանելի տարածքներում, գտնում այնտեղ «բարեկամների»՝ հանձինս կրիմինալի, օլիգարխիայի եւ կոռումպացված ավտորիտար ռեժիմների: Եվ ահա այսպիսի՛ Ռուսաստանը նաեւ մե՛ր «բարեկամն» է:
Հայաստանը միակն էր այդ ՀԱՊԿ-ԵԱՏՄ-ներին անդամակցող պետություններից, որը ներկայացավ այդ գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով: Սակայն ի՞նչ պիտի ասեր Հայաստանը: ՆԱՏՕ-ն սահմանեց իր դաշնակիցներին ուղղված սպառնալիքների երկու ուղղությունները՝ Հարավ եւ Արեւելք: Իսկ Հայաստանը գագաթնաժողով էր ներկայացել դրանից օրեր առաջ այդ սպառնալիքներից մեկին՝ Ռուսաստանին, օդային տարածքի պաշտպանությունը «բարեհաջող» հանձնելուց հետո: Ներկայացել էր իրեն հետաքրքրող հարցերը շոշափելու այն շրջանակում, որն առայժմ թույլատրված է, եւ որը գնալով փոքրանում է:
Կարդացեք նաև
Պաշտոնական Երեւանը դեռ շարունակում է խոսել եվրոպական արժեքներով առաջնորդվելու ցանկությունից, համագործակցում է արեւմտյան կառույցների հետ, որտեղից Ռուսաստանին կամ վտարել են (Եվրոպայի խորհուրդ, ԵԽԽՎ), կամ էլ Ռուսաստանն ինքն է ինքնամեկուսացել (ԵԱՀԿ): Եվ ներկայանում է պատվիրակություններով, որոնք գլխավորում են նույնիսկ «միջին հայաստանյան» չափանիշներով ընդգծված ռուսամետ անձինք:
Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «հավասարակշռված քաղաքականության» մասին խոսակցություններն էլ այլեւս լուրջ չեն ընդունվում: Վերջին երկու տարիներին պաշտոնական Երեւանի քվեարկությունները տարբեր միջազգային հարթակներում ցույց են տալիս, որ այդ քաղաքականությունը դարձել է ընդգծված հակաարեւմտյան եւ Ռուսաստանի կայսերապաշտական շահերի թելադրանքով՝ նաեւ հակավրացական եւ հակաուկրաինական: Հայաստանի քաղաքական գործիչները հրաժարվում են հասկանալ, որ «ռուսական Ղրիմի» եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ոչ միայն ոչ մի զուգահեռ չկա, այլեւ նման զուգահեռի փորձն իսկ հակահայկական է եւ հակաղարաբաղյան, իսկ հայ ժողովրդի արժանապատվության համար՝ նվաստացուցիչ:
Եվ ուրեմն ի՞նչ է մնում ասել այսքանից հետո Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Վարշավայում ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ պաշտպանում է ի թիվս այլոց՝ նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը: Իսկ Հայաստանն ինքը պաշտպանո՞ւմ է իր իսկ Սահմանադրությամբ սահմանված ինքնիշխանությունը: ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ երկրներն իրե՛նք, առանց արտաքին ճնշման, պետք է կատարեն իրենց ընտրությունը, եւ որ ՆԱՏՕ-ն շարունակում է հավատալ միասնական, ազատ եւ խաղաղ Եվրոպային, խորացնելու է համագործակցությունն իր գործընկերների հետ Բալթիկ եւ Սեւ ծովի ավազաններում: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանն այդ համագործակցությանը հենց ա՛յդ հիմքով:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարցաշար ներկայացրեց Հայաստանին եւ Ղարաբաղին: Այդ հարցերի պատասխանները, ցավոք, հայկական քաղաքականության կողմից ուրվագծվում են վերջին՝ վերոնշյալ 61 տարվա պատմության ընթացքին, ուղղությանը եւ տրամաբանությանը հակառակ: Դա հավասարազոր է պատերազմի ընդդեմ Պատմությանը: Գիտակցո՞ւմ է պաշտոնական Երեւանն այս ամենը: Դատելով ընթացքից՝ հազիվ թե: Որովհետեւ առանձնապես չի էլ ծանրանում նման «անկարեւոր բաների» վրա: Սակայն քառորդ դար անկախություն ունեցող, Հարավարեւելյան Եվրոպայում գտնվող պետությունն իրավունք չունի նման կերպ «անհոգ» շարունակել ընթանալ կործանվող կայսրության հետքերով: Ո՞վ է ստանձնելու անխուսափելի ռազմավարական մեծ շրջադարձի քաղաքական պատասխանատվությունը, երբ ներկայիս իշխանությունն արդեն անհույս է: Վարշավյան հարցաշարի գլխավոր հարցը սա է:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
12.07.2016