Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կլինի «ոչ իշխանական ուժ»

Հուլիս 12,2016 10:00

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն այնքան էլ բարդ բան չէ: Դու կա՛մ միանում ես իշխանական ուժին՝ իր համապատասխան կերակրատաշտով, բայց քեզ վրա կդրվի մածունը սեւ ներկայացնելու ծանր եւ տհաճ պարտականությունը (երկու երնեկ մի տեղ չի լինում): Կա՛մ դու պետք է բազմաթիվ այլ խմբերի հետ մրցես, թե որքան արմատական կլինի քո հռետորաբանությունը: Օրինակ՝ եթե դու կոչ ես անում, որ իշխանությունը փոխվի 5 րոպեից, դու ավելի ռադիկալ ես, քան նա, ով կոչ կանի իշխանափոխության՝ 7 րոպե ժամկետում: Եթե դու իշխանություններին պարզապես անվանում ես «գող-ավազակ», դու այնքան արմատական չես, քան այն ուժը, որն ասում է՝ «գող, ավազակ եւ դավաճան»: Եթե դրան որեւէ հիշոց կամ անեծք է ավելանում՝ վերջ, դու ամենաշատն ես տառապում «էս ժողովրդի դարդերով ու ցավերով» ու բազմաթիվ փշեր ես հանում նրա ձեռքերից:

Քաղաքական սպեկտրի այս հարուստ երփներանգում կա ես մի հատված, որը նույնքան անհրաժեշտ է մեր պետությանը, եւ որը պայմանականորեն կարելի է անվանել «ոչ իշխանական» ուժեր: Այսինքն՝ նրա ներկայացուցիչներին թույլատրվում է պահել բիզնեսներ եւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանել, բայց չի թույլատրվում օգտագործել արմատական բառապաշար: Նման ուժերը երբեմն կոալիցիա են կազմում իշխանության հետ, երբեմն էլ ընկնում են «ռադիկալների» ջրերը, եւ այդ դեպքում իշխանությունը ստիպված է լինում նրանց վերադարձնել «ճիշտ ջրերի» մեջ:

Արա Աբրահամյանի «կարճատեւ բարեկամական այցը» պետք է դիտարկել այդ համատեքստում: Պարզ չէ, թե ինչու են ռուսաստանցի գործարարին Մոսկվայից ուղարկել Հայաստան՝ «կուսակցություն բացելու»: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է Արա Աբրահամյանը որոշել «ձեռք բերել» հենց ՕԵԿ-ը՝ գուցե Պատրուշեւն է հուշել: Բայց պարզ է, որ խորհրդարանում կարիք կլինի արմատական հռետորաբանությունից զուրկ մի «ոչ իշխանական» ուժի, որը սոլիդ ներկայություն կունենա Ազգային ժողովում: Իհարկե, նույն չափով կարիք կա փոքր «ճղճղան» խմբերի, որոնք կկիրառեն վերը նկարագրված արմատական բառապաշարը:

«Ճղճղանների» պակաս չի լինի, այստեղ ընտրությունը լայն է: «Սոլիդ ոչ իշխանականների» հարցն ավելի բարդ է, որովհետեւ այդպիսին լինելու համար մեծ գումարներ են պետք: Այստեղ տարբերակներն ավելի քիչ են. նորից ԲՀԿ (եթե գտնվեն ռեսուրսներ), ՀԱԿ (նույն պարագայում), «վերակազմյալ ՕԵԿ» (եթե Արա Աբրահամյանը Կրեմլից այլ հրահանգներ չստանա), «Համախմբում» (եթե Ռոբերտ Քոչարյանը լրջորեն մտնի պայքարի մեջ):

Եվ այսպես, ապագա խորհրդարանում կլինեն երեք տիպի կուսակցություններ. ա/ իշխանական, բ/ ոչ իշխանական. գ/ ճղճղան: Իհարկե, չէր խանգարի, որ որեւէ մեկը լիներ նաեւ ընդդիմադիր:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ձեր համար ընդդիմադիր ուժը որն է պարոն Աբրահամյան
    Էլի կլիշեներ- էլի պիտակներ ու նույն շաբլոն միտքը, որ կրկնում եք, իբր հայացժստանում բոլորո ընդդիմադիրները ասում են 5 րոպեից իշխանափոխություն:???րտեղից նման պրիմիտիվ դատողությունույն ու գրոտեսկ:
    Իմաստը??
    ճղճղաններ միծտ ել եղել են ու լինելու են
    է հետո?? ուրեմն սաղ քաղաքականաությունը սև ու սպիտակ է Ձեզ համար???
    այդ դեպքում Դուք ինչու եք նույն Ձեր իսկ պատկերացումները վերագրում ուրշի ու սկսում հաղթական ջախջախիչ փաստարկները:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հավանաբար, Դուք ճիշտ եք` ես սխալ եմ հասկանում մեր ընդդիմադիրների` «Ժառանգության», «Համախմբման», «Նոր Հայաստանի» դիրքորոշումը, եւ նրանք «անհապաղ իշխանափոխություն» չեն պահանջում:

      • Իրավաբան says:

        Բայց ընդդիմադիր հասկացությունը, ի տարբերություն իշխանության, քիչ մոնոլիտ է։
        հարցն այն է, որ Դուք ամբողջն ու մասն եք նույնացնում։
        իսկ օրինակ Հակ՞ը։
        կամ ասենք՝ ինչի անպայման ընդդի դիր ասելիս գրոտեսկյին է՞։
        էս մոտեցու ը նաև չի թողնում հանրային կարծիքի ձևավորմնը։

  2. Seyran says:

    Ցավն այն է,որ ,,նոր,, ընտրվածն էլ է իշխանւթյուն կոչվելու և այն պիտակները,որ կպցնում են գօրծող իշխանություններին՝կպցնելու են նորերին:,,Նոր,, իշխանությունն էլ նույն ձևակերպումներն է ներկայացնելու,ինչ ,,նախորդ,,իշխանությունը:,,Նոր,, իշխանության օրոք էլ պետք է ստիպված լինենք Վերին Լարսով մտնել ՌԴ տարածք,մեկ սեղանի շուրջ նստել Ալիեվի հետ՝Պուտինի դիմաց,պարծենալու են,որ ճիշտ արտաքին քաղաքականություն են վարում,շարունակվելու են կարկտահարությունները,սելավները,Ադրբեջանի սպառազինությունները գերազանցելու են մերը,Մինսկի խումբը չի կարողանալու որ կողմն է առաջինը կրակ բացել և այլն,և այլն:
    Երբ որդի էի ծնողներիցս պահանջում էի այնպիսի բաներ,որ նրանք հնարավորություն չունեին տալու,երբ հայր դարձա,երեխաներիս բացատրում եմ,թե ինչու հնարավոր չէ նրանց պահանջները բավարարելու…:

  3. brinjao says:

    Իհարկե, չէր խանգարի, որ որեւէ մեկը լիներ նաեւ ընդդիմադիր:

    Չէր խանգարի, որ որեւէ մեկը չխեղաթիւրեր ընդդիմադիր հասկացութեան էութիւնը:
    Աւելի ճիշտ կլինի այսպէս դասակարգել.

    ա/ իշխանական
    ա1՝ ՀՀԿ
    ա2՝ “սոլիդ”
    ա3՝ ճղճղան

    բ/ ընդդիմադիր
    բ1՝ Համախմբում
    բ2՝ ՀԱԿ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031