Հուլիսի 11-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։
Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Գրիբաուսկայտեն շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Դալիա Գրիբաուսկայտեն հույս է հայտնել, որ դեսպան Մկրտչյանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին առաքելության իրականացման գործում։
Լիտվայի նախագահն ընդգծել է, որ լիտվական կապիտալը հետաքրքրված է մեծացնելու իր ներկայությունը հայկական շուկայում։
Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահի կողմից ընդունելության և իր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդմամբ ու ընդարձակմամբ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ բանակցությունների հաջող ընթացքի հեռանկարները։ ՀՀ դեսպանը նախագահ Գրիբաուսկայտեին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը: Նախագահ Գրիբաուսկայտեն շեշտել է, որ Լիտվան կողմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
Նույն օրը դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի վարչության պետ Պյատրաս Զապոլսկասի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` վարչության պետ Զապոլսկասը հաջողություն է մաղթել իր առաքելության իրականացման ընթացքում` հույս հայտնելով, որ դեսպան Մկրտչյանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
ՀՀ ԱԳՆ