Բելգիացի ռեժիսոր Պիտեր-Յան Դը Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում:
Մոտ 90 րոպե տևողությամբ ֆիլմի վրա ռեժիսորն աշխատել է 8 տարի:
«Ուսումս ավարտելուց հետո սկսեցի Աֆղանստանում լուսանկարիչ աշխատել հումանիտար կազմակերպությունների համար: Նախապես ֆիլմ նկարահանելու նպատակ չունեի: Պարզապես ցանկանում էի ուսումնասիրել երկիրը, ծանոթանալ մշակույթին, լեզվին, հասկանալ՝ ինչ է կատարվում Աֆղանստանում պատերազմի ժամանակ:
Այդ ընթացքում տեսա՝ որքան երեխաներ են այդ պայմաններում փորձում գոյատևել: Նաև նկատեցի՝ ինչքան երազանքներ ունեն նրանք, պատմում էին՝ ինչ են անելու, երբ օտարերկրացի զինվորականները հեռանան իրենց երկրից»,- «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Պիտեր-Յան Դը Պյուն:
Կարդացեք նաև
Որոշ ժամանակ անց նա որոշեց, որ իր տեսածն ու հավաքածը ֆիլմի է վերածելու:
«Նախապես որոշել էի, որ ֆիլմը խաղարկայինի ու վավերագրականի խառնուրդ է լինելու: Ուզում էի աֆղանական պատերազմը ներկայացնել, բայց երեխաների աչքերով ու հատկապես նրանց երազանքների միջոցով, մի փոքր քնարական շնչով: Ինձ համար կարևոր էր ներկայացնել Աֆղանստանի մյուս կողմը, որը կապված չէ պատերազմի դաժանության հետ: Ուզում էի հույս, լավատեսություն դնել ֆիլմում. մի բան, որ այս երկրի մարդիկ ունեն իրենց մեջ»,- ասաց կինոռեժիսորը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ