Շվեդիայում ամեն տարի 80 մարդ է ինքնասպան լինում՝ կանգնելով երկաթգծին և սպասելով գնացքին: Այս ողբերգություններից յուրաքանչյուրը թափանցում է գնացքի վագոններից ներս…
Մասնագիտությամբ լրագրող Գունար Բերգդալի «Երկաթգիծ» ֆիլմն այն մասին է, թե ինչպես են մեքենավարները վերաբերվում նրան, որ մահը միշտ ներկա է իրենց ճանապարհին:
«Երկաթգիծ» վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում:
«Շվեդիայում ինքնասպանությունների թիվը հինգ անգամ ավելի է, քան այլ երկրներում, բայց տեղի իշխանությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում դրանք կանխարգելելու ուղղությամբ»,- «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գունար Բերգդալը:
Կարդացեք նաև
Կինոռեժիսորը պատմեց, թե ինչպես է այսպիսի ֆիլմ նկարահանելու գաղափարն առաջացել. «Մի անգամ գնացքով ինչ-որ տեղ էի գնում: Միակ ուղևորն էի, մեքենավարն առաջարկեց իր կողքին նստել: Մենք զրուցում էինք ճանապարհին, սլանում բնության գեղեցիկ պատկերների կողքով: Որոշեցի այդ գեղեցիկ տեսարանին հակադրել ինքնասպանության մռայլ գաղափարը:
Բացի այդ, 1980-ականներին ընկերներիցս մեկը վերջ տվեց կյանքին. նա ընտանիք ուներ, ընկերներ, կայուն կյանք… Մինչև հիմա ինձ հարց եմ տալիս՝ ինչու այդպես արեց: Ես շատ հարցերի պատասխաններ էի ուզում ստանալ, դրա համար էլ նկարահանեցի այս ֆիլմը»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ