Հուլիսի 11-ին աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝ «Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի՝ «Ղարաբաղյան հիմնահարցն ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո» առաջին թեմատիկ նիստը, որը վարեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը:
Վ. Գաբրիելյանը հակիրճ ներկայացրեց դիվանագիտական դպրոցի գործունեությունը, կարևորեց Սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացվող երիտասարդական հավաքի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ վերջինս միտված է մեկտեղելու և համախմբելու աշխարհի հայ երիտասարդների ներուժը:
ՀՀ Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորմանը, զարգացումներին և հեռանկարներին:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին նման նախաձեռնության համար՝ Վարուժան Ներսիսյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական և իրավաքաղաքական ասպեկտները, ներկայիս գործընթացները և հեռանկարները:
ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես եկավ «Խորհրդարանական դիվանագիտությունն ու հայկական շահերի պաշտպանությունը Ղարաբաղյան հիմնահարցի համատեքստում» զեկույցով:
Թ. Պողոսյանն անդրադարձավ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, լուծման մեխանիզմներին, խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը:
Խոսելով ազգային շահերի մասին՝ պատգամավորը կարևորեց խորհրդարանական համաժողովներում դրանց արդյունավետ ներկայացման անհրաժեշտությունը:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը և տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով հանդես եկած քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ Հարավային Կովկասում տարածաշրջանային հակամարտություններին՝ կարևորելով Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգության համատեքստում և դրանցում արտաքին գործոնների հնարավոր դերակատարությունը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը» զեկույցով ներկայացրեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:
Նիստից հետո տեղի ունեցավ ակտիվ, կառուցողական քննարկում, մտքերի փոխանակում:
Երեկոյան հավաքի մասնակիցները Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվեցին Հայաստանի պարի պետական ասնամբլի համերգին:
ՀՀ սփյուռքի նախարարություն