Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում առաջիկայում ևս տեղի կունենա. ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ նման հանդիպում տեղի կունենա, քանի որ ակտիվ բանակցություններ են ընթանում:
Նա նշեց, որ ապրիլյան իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ակտիվ գործողություններ են իրականացվում երկու նախագահների հանդիպումներ իրականացնելու առումով:
Հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն ու որոշումները` պարոն Մելիքյանը կարևորեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե բոլոր այդ որոշումները Ադրբեջանի կողմից պետք է հարգվեն: Գագիկ Մելիքյանը փոխանցեց, որ երկու նախագահների երրորդ հանդիպումը կազմակերպելու մասին այս անգամ հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ուստի ամենայն հավանականությամբ, այն կիրականանա:
Հարցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որ ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության քննարկման հարթակ չէ տրամաբանությունից ելնելո՞վ է հայկական կողմը հրաժարվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում երկու նախագահների հանդիպման կազմակերպումից, պարոն Մելիքյանն արձագանքեց. «Այդ կարծիքին չեմ, քանի որ ՆԱՏՕ-ի նախկին գագաթնաժողովի ընթացքում նմանատիպ հանդիպում տեղի ունեցել է ՀՀ նախագահի և Ալիևի միջև, և նախաձեռնության հեղինակը եղել է ամերիկյան կողմը»:
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Մելիքյանի` Սերժ Սարգսյանի ելույթը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում` տեղին էր. «Այն ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամ երկրներին, որ մինչև Ադրբեջանի կողմից չհարգվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, բանակցային գործընթացի շարունակումը կարելի է անընդունելի համարել»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` հակառակ դեպքում բանակցային գործընթացի շարունակությունը կդրվի խիստ հարցականի տակ:
Վերջում անդրադառնալով ՀՀ-ում կոռուպցիայի ի դեպ պայքարի շրջանակներում գրանցված արդյունքների մասին, պարոն Մելիքյանը փոխանցեց հետևյալը. «Այն քայլերը, որ ձեռնարկվում են, դրանք բավարար արդյունքներ չեն ապահովում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ