Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 34-րդ նիստին
Հարգելի պարոն նախագահ,
Պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,
Կարդացեք նաև
Նախևառաջ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել պարոն Լավրովին` ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի հաջողված նախագահության և այս նիստի գերազանց կազմակերպման, ինչպես նաև մեզ ցուցաբերված հյուրընկալության համար: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել քարտուղարությանը՝ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքի համար:
Պարոն նախագահ,
Հայաստանը, հետևողական լինելով տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված նպատակների կյանքի կոչման հարցում, շարունակել է իր ջանքերը՝ ուղղված անդամ պետությունների միջև բազմաոլորտ համագործակցության խորացմանը:
Մենք կարևորում ենք համակցված փոխադրումների շրջանակում, այսպես կոչված, չոր նավահանգիստների հայեցակարգի իրականացումը: Միջտարածաշրջանային տրանսպորտային համակարգերի համատեքստում Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏԿՀ օղակաձև մայրուղու հիմնական երթուղու՝ կազմակերպության ոլորտային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի հետ սահման դուրսբերման օգտին: Մենք նաև աջակցում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են համակցված բեռնափոխադրող և ուղևորային լաստանավային գծերի զարգացմանը:
Հայ մասնագետներն իրենց գործնական ներդրումն են ունեցել ՍԾՏՀԿ փոքր և միջին ձեռնարկությունների` միջազգային շուկաներ դուրս գալու ուղիների մշակման, համացանցի միջոցով առևտրի խթանման, առևտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման գործում:
Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև «Դեղամիջոցների որակի երաշխիքի ապահովման նպատակով համագործակցության» հուշագրի ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել կոնսենսուսի հասնել «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության» համաձայնագրի նախագծի շուրջ:
Հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջև համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին:
Հայաստանը հանդես է գալիս նաև էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին:
Հուսով ենք, որ ազգային վիճակագրական գործակալությունների ղեկավարների հանդիպման արդյունքները նոր լիցք կհաղորդեն համագործակցությանը նաև այս կարևոր ոլորտում:
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը հանդես է գալիս միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության սերտացման, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդման օգտին:
Անշուշտ, այս համագործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և կազմակերպության այլ հիմնարար փաստաթղթերի դրույթներին համապատասխան:
Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։
Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում:
Պարոն նախագահ,
ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Մշտական միջազգային քարտուղարության գործունեության հարցերը տևական ժամանակ է, ինչ ներառված են կազմակերպության օրակարգում: Այսօր այդ հարցը ձեռք է բերում հատուկ նշանակություն` հաշվի առնելով ՍԾՏՀԿ հիմնադրման 25-ամյա հոբելյանը: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ողջ ներուժի կիրառումը կբացառի կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:
Տիկնայք և պարոնայք,
Եզրափակելով` ցանկանում եմ շնորհավորել և հաջողություն մաղթել Սերբիային` ՍԾՏՀԿ-ում գալիք նախագահության կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ