Դավիթ Սաֆարյանի «28:94. տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Ֆիլմը պատմում է մի կնոջ ու տղամարդու մասին, որոնք էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևակայության և երազների մասին է:
«Ֆիլմի ասելիքն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, դժվար է մարդկային դեմքը պահպանել, սակայն մեզ հաջողվել է մութ ու ցուրտ տարիներին չկորցնել մեր դեմքը:
Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ֆիլմն անվանել «28:94. տեղական ժամանակով»: Պատասխանը մեկն է՝ ժամանակից դուրս է այն, ինչ կատարվում է ֆիլմում»,- «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Էստոնիայում՝ Տալլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ռեժիսորի խոսքով՝ դրսում ավելի շատ են նայել, քան Հայաստանում: Մեզ մոտ երեք շաբաթ է ցուցադրվել: Պատճառը, ըստ նրա, գովազդի պակասն է եղել:
«Կուզեի, որ ֆիլմը շատերը նայեին. այն ցույց է տալիս՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- ասաց Դավիթ Սաֆարյանը:
Ֆիլմում նկարահանվել են Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը և ուրիշներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ