Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ավազակային հարձակման բազմադրվագ գործի քննությունը: Այս գործով ամբաստանյալները երկուսն են՝ 4-ամյա կրթությամբ Գրիշա Մարտիրոսյանն ու տաքսու վարորդ Արթուր Էլոյանը, իսկ տուժողները մի քանիսն են՝ Շիրակի մարզի Ախուրիկ, Ոսկեհասկ ու Գյումրի քաղաքի մի շարք բնակիչներ:
Ըստ մեղադրական եզրակացության. «Գրիշա Մարտիրոսյանին ու Արթուր Էլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ավազակությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնությամբ, 2014թ օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում, դանակի և որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ Շիրակի մարզի Ոսկեհասկ,Ախուրիկ գյուղերի և Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով հարձակվելով կատարել են չորս դրվագ հափշտակություններ»:
Այսօրվա դատական նիստում դատարանը լսեց մի քանի վկաների: Ախուրիկ գյուղի բնակիչների մեծ մասն այսօր, այդ թվում տարեց մարդիկ, եկել, հասել էին Գյումրի վկայություն տալու համար: Տուժողները թեւ 9 հոգի են, սակայն դատարան էին ներկայացել ընդամենը երկուսը՝ Ախուրիկ գյուղի բնակիչ Մարո Վարդանյանն ու Ոսկեհասկ գյուղի տարեց բնակիչ Գեղեցիկ Մանուկյանը:
Վկաներից շատերը դեպքի մանրամասներին չէին տիրապետում: Նրանք դեպքի մասին լսել էին գյուղամիջից: Վկաներից մեկը՝ 1936 թվականին ծնված Արշակ Սիմոնյանը, որը մի կերպ էր Ախուրիկ գյուղից հասել դատարան, քանի որ վատառողջ էր, ասաց, որ իր հարևանուհու տան վրա ավազակային հարձակում կատարելու մասին լսել է դեպքի օրը՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում: «Տեսա Մարոյենց դռան առջև մեքենաներ էին շարված, իմացա, որ նրանց տունն են մտել, թե ինչ էին տարել, չգիտեմ: Սուտ չեմ խոսում, խոնարհվում եմ դրոշի տակ, դատավոր ջան», -ասաց վկան:
Կարդացեք նաև
Դատախազ Գուրգեն Գրիգորյանը երբեմն ստիպված էր հրապարակել վկաների նախաքննական ցուցմունքները: Ըստ նախաքննական ցուցմունքի, տարեց այս տղամարդն ասում է, որ գիշերով հարևանի տնից ձայներ չի լսել, իրենց բակում կասկածելի մեքենաներ չի տեսել, սակայն իմացել է, որ Մարոյենց տունն են մտել, նրանց կապկպել են, ոսկեղեն ու գումար են տարել: Ըստ նրա ցուցմունքի, այս ընտանիքը թշնամիներ չունի, ամուսինն ու տղան ՌԴ արտագնա աշխատանքի են մեկնում, աղջիկն էլ Երևանում ուսանողուհի է:
Արշակ Սիմոնյանի կինը՝ 1940 թվականին ծնված Եզենկինա Սիմոնյանն էլ պատմեց, որ քնից արթնանալով, տեսել է մեքենաներ հարևանու դռան առջև հետո, հետո երբ ամուսինը գնացել է գյուղամեջ ու հետ է եկել տուն, նրանից իմացել է, որ Մարոյենց ծեծել են, թալանել: Դատախազը տիկնոջից հետաքրքրվեց, թե ի՞նչ է լսել, արդյոք հանցագործները դիմակավորված են եղել: Ի պատասխան տիկինն ասաց. «Էնպիսի բան եք ասում, երեսները բաց պիտի գային, ասեին, եկանք գողությա՞ն»: Տարեց կնոջ մեկնաբանությունը լսելով՝ դատարանում ներկաները սկսեցին ծիծաղել:
Անչափ հետաքրքիր էին նաև այս տիկնոջ մեկնաբանությունները ցուցմունք տալու մասին: Նա ասաց, որ ինքը քննչական չի գնացել, այլ քննիչն է եկել իրենց տուն: Տուժողների փաստաբաններից մեկի հարցին, թե՞ ձեզ հարցաքննելուց առաջ պարզաբանվել են ձեր իրավունքները, տիկինն ասաց. «Եկան մեզ ասին՝ պիտի գրեք, ձեր հարևան Մարոյենք լա՞վ մարդ են, թե՞ վատ մարդ են, մենք էլ գրեցինք»:
Վկայություն տվեց նաև Ոսկեհասկ գյուղի բնակչուհի Աղունիկ Հարությունյանը, որը տուժող Գեղեցիկ Մանուկյանի եղբոր հարսն է: Վկան ասաց, որ ամբաստանյալներից մեկին՝ Արթուրին, ճանաչում է, նա տաքսու վարորդ է ու մի քանի անգամ նրան տեսել է: «Առավոտ շուտ էր, որ իմացանք դեպքի մասին, լսեցինք, որ մտել են Գեղեցիկ հորքուրի տուն, գնացինք նրա տուն, նրան ծեծել, կապել, գցել էին գետնին, կապտուկներ էին վրան, շտապօգնություն ենք կանչել, նրան տարան հիվանդանոց, շատ վատ էր, ոչ մեկը հույս չուներ, որ նա կփրկվի: Երբեք չեմ մոռանա հորքուրի դեմքը, որ այդ տարիքում նրան այդպես ծեծել, այդ վիճակին էին հասցրել: Տունը քանդված էր, թափթփված, դարակները՝ գետին ընկած: Հորքուրն ասաց, որ երկու հոգի են եղել մասկեքով, բռնություն գործադրել են, բայց թե ինչքան գումար են տարել, չգիտեմ»,- ասաց վկան: Դատախազը հետաքրքրվեց, թե ո՞ւմից իմացավ գումար ու դոլար հափշտակելու մասին, վկան ասաց. «Սաղ աշխարհ իմացավ, ոչ միայն ես»:
Դատարանում կրքերը թեժացան ու դատական նիստը դարձավ անկառավարելի, երբ վկայություն տվեց Մարո Վարդանյանի հարևանուհին՝ Արմինե Մխիթարյանը: Նա ասաց, որ ամբաստանյալներից մեկին՝ Գրիշա Մարտիրոսյանին, ճանաչում է որպես իրենց գյուղի Գայանեի եղբայր, մյուսին՝ Արթուրին՝ որպես տաքսու վարորդ: «2014 սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 10-ի մոտ 06 կամ 07 մակնիշի մի մեքենա գազ տվեց, եկավ, մեր դուռը կանգնեց, մտածեցինք հորեղբորս տղան եկավ, երբ գնացինք ընդառաջ, մեքենան գազ տվեց ու փախավ: Իսկ այդ նույն օրը գիշերը մեր պատուհանը բաց էր, մեկը մամայիս էր կանչում, բացեցինք դուռը, տեսանք տիկին Մարոն՝ ունքը բացված, լրիվ արյուն, մամաս վատացավ, առաջին օգնությունը ես եմ ցույց տվել, պաղ թրջոց եմ դրել: Հետո զանգել ենք ոստիկանություն, Մարո տյոտյան ահավոր վիճակում էր, իսկ նրա աղջկա ծունկն էր վնասված»,-պատմեց վկան:
Դատախազը հետաքրքրվեց, թե տեսե՞լ է Մարո Վարդանյանի տունը դեպքի օրը, վկան ասաց, որ ինքը հեռվից է տեսել, մայրն է ներս մտել, տեսել է գարեջրի շշերը կոտրած, անկողինը արյան մեջ, լսել է, որ հանցագործների մոտ դանակ է եղել ու սքոչ: «Ես գիտեմ, որ փող ու ոսկի են տարել»,-ասաց նա:
Ամբաստանյալներից մեկը՝ Արթուր Էլոյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ց է ենթադրում, որ դեպքից առաջ իրենց տան բակում հայտնված 06 կամ 07 մակնիշի մեքենան հենց իրենն է եղել, երբ շատերն են վարում այդ մեքենայից: Վկան ասաց, որ հաստատ չի պնդում, թե հենց իրենն է եղել այդ կասկածելի մեքենան, սակայն նման էր նրա ունեցածին: Ամբաստանյալը, դիմելով վկային, ասաց. «Զուբռիտ ես արել, բայց լավ չես սովորել տեքստը»: Այդ խոսքի վրա սկսվեց թունդ վիճաբանություն տուժող Մարո Վարդանյանի ու ամբաստանյալի միջև, կրքերն այնքան թեժացան, որ դատը ընդհատվեց, դատարանի կարգադրիչները մի կերպ դատարանի դահլիճից հեռացրեցին ամբաստանյալներին, այլապես հասնում էին միմյանց վրա՝ ծեծելու: Անգամ հնչեցին հայհոյանքներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ