Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որդուն կորցրած մոր համար պատերազմը երբեք չի ավարտվում». հոգեբան Խաչիկ Գասպարյան

Հուլիս 11,2016 17:35

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայկական հոգեբուժական ասոցիացիան իր գործընկեր կառույցների հետ հոգեբանական անվճար ծառայություններ է մատուցելու ապրիլյան ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին:

«Դիալոգ» մամուլի ակումբում այսօր ասոցիացիայի հոգեբան Խաչիկ Գասպարյանը ներկայացրեց հանրության վրա ռազմական գործողությունների ազդեցության առանձնահատկությունները. «Ապրիլյան իրադարձությունների հերոսական փուլն ավարտված է, այն մոտ մեկ ամիս կամ քառասուն օր է տեւում: Այդ փուլում մարդիկ օգնում են իրար` մի կողմ դնելով սեփական շահը: Այդ փուլի ավարտին սկսվում է մեկ այլ փուլ, երբ յուրաքանչյուրը խորությամբ դառնում է սեփական շահի պաշտպանը: Արցախյան հարցի շուրջ անապահովության զգացումն արդիական խնդիր է դառնում: Հոգեբանական անապահովության պայմաններում մարդը դառնում է եսակենտրոն»:

Մասնագետը փորձեց նկարագրել, թե հոգեբանական ինչպիսի վիճակում են գտնվում ընտանիքի` զինծառայող կորցրած անդամները. «Վշտի հոգեբանության մեջ առանձնացվում է անսպասելիության, «շոկի փուլը», որը տեւում է երկու ժամ: Եթե տեւում է երկար, պետք է հոգեկան առողջության մասնագետ հրավիրել: Երկրորդ փուլը «հերքման փուլն» է, որը տեւում է 40 օր կամ երկու ամիս, երբ մարդը չի հավատում կորստին եւ մտածում է, որ զինծառայողը չի զոհվել, դեռ ծառայության մեջ է…Կարող է լինել նաեւ բարկության փուլ: Բարկությունը կարող է ուղղվել քաղաքական գործչին, հրամանատարին կամ ընտանիքի անդամներից մեկին, բժշկին: Երբեմն բարկությունն ուղղվում է նրան, ում կորցրել են…

Որդուն կորցրած մոր համար պատերազմը երբեք չի ավարտվում, դա գուցե ներսի պատերազմ է, բայց ամբողջ կյանքի համար է: Չկա հասարակության այնպիսի մոդել, որն իր վերաբերմունքով կարող է սփոփել մորը: Բայց կարող են լինել նախաձեռնություններ, որոնք նրան ուղերձ կփոխանցեն` այսօր խաղաղության համար պարտական ենք Ձեր որդուն»:

Ինչ վերաբերում է ապրիլյան ռազմական գործողությունների` արդեն զորացրված մասնակիցներին, Գասպարյանի խոսքով` նրանք արտահայտվելու, պատմելու կարիք ունեն, սակայն պետք է նաեւ լավ բաների մասին հարցնել. «Պետք է ուշադիր լինել նրանց քնելուն, սնվելուն: Եթե տրամադրությանը չափից ավելի բարձր է, դա լավ նշան չի եւ հակառակը: Նա նորից պետք է հարմարվի հասարակությանը, որտեղ իրեն մոռացել են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031