Հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների 41 համայնքների: Կան համայնքներ, որոնց կրած վնասի չափերը նախնական տվյալներով հասնում են 100%-ի: Հիմնականում վնասվել են խաղողի այգիները, բանջար-բոստանային կուլտուրաներն ու ջերմոցային տնտեսությունները:
Ակնալիճ համայնքում տեղատարափ անձրևի ու կարկուտի հետևանքով Մեծամորի սելավատարի պաշտպանիչ պատնեշի 50 մետրի հասնող հատվածը, չդիմանալով ջրի ուժեղ հոսքին, փլուզվել է, և ջուրը լցվել է համայնքի մշակովի հողատարածքները` կրկնապատկելով գյուղացու վնասը:
Ըստ համայնքապետ Գևորգ Միսակյանի` Ակնալճում մշակովի հողատարածքների հիմնական մասը զբաղեցնում են ծիրանի և խաղողի այգիները, լոլիկի հողատարածքները: Գարնանային ցրտահարության հետևանքով ակնալիճցիները կորցրել են ծիրանի բերքը, իսկ այժմ արդեն` լոլիկի և խաղողի բերքը` զրկվելով իրենց ապրուստի միջոցից: Գևորգ Միսակյանի խոսքով` համայնքում առկա է թվով 8 հակակարկտային կայան, և 8-ն էլ գործել են, սակայն կարկտի ուժգնությամբ պայմանավորված` արդյունք չեն տվել:
Ինչպես տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` մարզում առկա է 178 հակակարկտային կայան, որոնք երեկ գործել են ողջ ուժգնությամբ, աղետալի ամպերով պայմանավորված` դրանց արդյունավետությունը 0% է եղել: Ըստ նրա` թույլ արտահայտված ամպերի դեպքում միայն արդյունավետությունը կհասնի 80%-ի, իսկ միջինի դեպքում` 50-60%-ի:
Կարդացեք նաև
ՀՀ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է նաև Հանրապետության Նախագահին, ում անմիջական հանձնարարությամբ համայնքային հանձնաժողովները շատ կարճ ժամանակահատվածում կգույքագրեն վնասի ամբողջական չափերը, համայնքում առկա հիմնական խնդիրները, կներկայացնեն մարզային հանձնաժողովին, որն էլ ամփոփելով այդ տվյալները` համապատասխան տեղեկանք կներկայացնի ՀՀ կառավարությանը` ստեղծված իրավիճակի համար լուծում գտնելու նպատակով:
Հավելենք, որ երեկ մարզում են եղել և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ կարկտահարությունից տուժած համայնքներ են այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Այսօր մարզպետի ուղեկցությամբ համապատասխան համայնքներ է այցելել գյուղատնտեսության նախարարը, համայնքներում են եղել նաև նախարարության և մարզպետարանի ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, տեղերում ծանոթացել ստեղծված իրավիճակին, զրուցել գյուղացիների հետ` վստահեցնելով, որ վնասները ճշտելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:
Արմավիրի մարզպետարան