Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի խիստ ու հետևողական:
«Մուտքերի և տանիքների նորոգման աշխատանքները պետք է ընթանան սահմանված ժամանակացույցով: Մասնավորապես տանիքների նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև սեպտեմբեր: Որակի պահպանման հարցում եղեք խիստ և սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն վերացնում արձանագրված թերությունները: Անբարեխիղճ ընկերությունների պատճառով մեր բնակիչները չպետք է տուժեն, ու մենք էլ պարտավոր չէնք սպասել, թե նրանք երբ կբարեհաճեն վերացնել թերությունները: Անհրաժեշտության դեպքում անմիջապես խզեք պայմանագրերն ու օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք նման ընկերությոնների նկատմամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունը և հողազավթումը կանխարգելելու ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, 1 հասցեում իրականացվել է ապօրինի շինության քանդման աշխատանք:
Կարդացեք նաև
Շինարարության և բարեկարգման վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև մայթերի սալիկապատմանն ու վնասված կամ բացակայող սալիկների կարգաբերման աշխատանքներին և հանձնարարել է գույքագրել ու անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ավարտին են մոտենում նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ նախկինում «Վերնիսաժի» տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնող շուրջ 350 անձ արդեն 2 շաբաթ է, ինչ տեղափոխվել է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք, որտեղ առևտուր իրականացնելու համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել այդ անձանց ու անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել նրանց կողմից բարձրացվող հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն