Այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեցին: Թեսթի արդյունքները տրամադրվում են 10-15 րոպեից:
Բարձրաստիճան պաշտոնյաները հետազոտությունն անցան Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում նվիրաբերած 2-րդ շարժական կլինիկայում: Սա երկրորդ կլինիկան էր, որը տրամադրվել է ՌԴ-ի կողմից:
Հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի խոսքերով, շարժական կլինիկայի շահագործման շնորհիվ զգալի ավելացել է հետազոտվողների թիվը: Կլինիկան եղել է 60 գյուղական եւ քաղաքային համայնքներում` կատարելով 200 շրջայց, որոնց ընթացքում միգրանտների, նրանց զուգընկերների եւ բնակիչների շրջանում իրականացվել է 4600 հետազոտություն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, եւ սիֆիլիսի վերաբերյալ: Շարժական կլինիկան նախատեսված է կլիմայական եւ աշխարհագրական ցանկացած պայմաններում հեռավոր եւ դժվար հասանելի շրջանների բնակչությանը բժշկական ծառայություններ տրամադրելու համար։Ինչպես պարոն Գրիգորյանն ասաց, թե’ հետազոտությունը եւ թե’ բուժումը մեր երկրում կատարվում է գաղտնի եւ անվճար:
Aravot.am-ի այն հարցին, թե հաշվի առնելով, որ միգրանտների հիմնական հոսքը դեպի ՌԴ է եւ մեր քաղաքացիների ՄԻԱՎ-ով վարակվելն էլ հիմնականում այնտեղ է լինում, կա՞ բուժման փոխգործակցություն, այսինքն` այստեղ բուժումը սկսած մեր քաղաքացին, երբ ստիպված է լինում կրկին վերադառնալ Ռուսաստան կարո՞ղ է այնտեղ բուժումը շարունակել:
Արմեն Մուրադյանն ասաց, որ երկկողմ ստորագրած հուշագրերի եւ պայմանագրերի շրջանակներում մեր միգրանտները կարող են այնտեղ շարունակել բուժումը:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ կլինիկայում հետազոտվել Է ավելի քան 6000 մարդ։
ՌԴ աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել Է 40 հազարից ավելի աշխատանքային միգրանտ:
Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ վերջերս ՄԱԿ-ի գագաթաժողովում Հայաստանը ճանաչվել է օրինակելի երկիր` մորից երեխայի ՄԻԱՎ-ի փոխանցումն ամբողջությամբ վերացնելու համար:
ՌԴ դեսպանի խոսքերով, չնայած այն դժվարություններին, որոնք կան ռուսաստանյան տնտեսությունում, շարժական կլինիկան տրամադրվել է Հայաստանին: Իվան Վոլինկինը հույս հայտնեց, որ համագործակցությունը այս ոլորտում կշարունակվի եւ սարքավորումների տրամադրումն էլ կարեւոր է:
Միջոցառման ընթացքում հանրապետական կենտրոնի տնօրենն ու մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ