«Փողոցում եղել է ծեծկռտուք, որին, իհարկե՛, մասնակցել են բոլորը: Բոլոր դեպքերում հարձակվել է ինքը աղջկա վրա ծնողների ներկայությամբ, ծնողները, ինչ-որ եղել է ձեռքերի տակ` փորձել են շպրտել վրան՝ երեխային եւ իրենց պաշտպանելու համար»,- հուլիսի 11-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Երեւանում ուրբաթ տեղի ունեցած սպանությանը, ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը:
Հիշեցնենք՝ երբ 31-ամյա տղամարդը կասկածվում է նախկին զոքանչին կացնով սպանելու, նախկին կնոջն ու նախկին աներոջը կացնով գլխուղեղային բաց վնասվածքներ հասցնելու մեջ: Տաթեւիկ Աղաբեկյանը ընդգծեց, որ ոստիկանությանը ահազանգելուց հետո ոստիկանությունը կնոջը եւ նրա մորն է տարել ոստիկանության բաժանմունք, իսկ տղամարդը մնացել է շքամուտքում:
«Շքամուտքում սպասել է մի քանի ժամ, երբ զոքանչը եւ կինը վերադարձել են, ինքն արդեն կացնով է պատրաստված եղել եւ հարձակվել է կացնով: Այսինքն՝ մենք չենք կարող հիմա իրենց անձնական կյանքը դնել քննարկել, գիտեք՝ դժվար է մեղադրել կնոջը, որ ամուսնության առաջին իսկ օրվանից ենթարկվում է բռնության, մի հատ էլ հղի ժամանակ ծեծվելով, տեսնելով իր ծնողներին ինչպես են ծեծում, դրանից հետո սիրալիր տաներ երեխային, նստեր, սպասեր այդ պետական շենքում: Եղել են անգամներ, երբ իրենք գնացել են, պարտաճանաչ տարել են երեխային, չի եկել ամուսինը տեսնելու:
Մի քանի անգամից հետո, երբ աղջիկը որոշել է չտանել երեխային, իհարկե՛, որպես մոր բացակայություն է նշվել եւ եղել է անգամ վարչական տույժ: Մյուս անգամները, որ հայրիկը չի բարեհաճել գալ տեսնել իր երեխային, սրա մասին մենք ընդհանրապես չենք խոսում: Բժշկական հանձնաժողովը հիմա հիվանդանոցում քննարկում է, թե ինչպիսի կին էր, որ այդպես է եղել: Կարեւոր չէ, թե ինչպիսի կին էր, ինչ բարոյական նորմերով են իրեն դաստիարակել, փաստը փաստ է, որ ամուսնացել է, ապրել է ընտանիքում, ունեցել է երեխա, ու այսօր ինքը պառկած է հիվանդանոցում, իսկ մենք քննարկում ենք իր անձնական կյանքը»,- ասաց Տաթեւիկ Աղաբեկյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ