«Այսօր ոստիկանությունը ոչ է ասում բռնությանը»,- հուլիսի 11-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Անդրադառնալով ուրբաթ Երեւանում տեղի ունեցած սպանությանը, երբ 31-ամյա տղամարդը կասկածվում է նախկին զոքանչին կացնով սպանելու, նախկին կնոջն ու նախկին աներոջը կացնով գլխուղեղային բաց վնասվածքներ հասցնելու մեջ՝ նա ասաց, որ ոստիկանությունը լծակներ չուներ ամուսնուն հեռացնել տնից. «Կոնկրետ այդ օրենքը այն երկրներում, որ գործում է, ունի որոշակի լծակներ, որոնցով հնարավորություն է ստեղծվում ոստիկանության համար բռնարարին տնից հեռացնել, թույլ չտալ ընտանիք գալ: Բայց այս ընտանիքում ընդհանրապես եղել է վատառողջ մթնոլորտ: Մենք նախկինում ունեցել ենք ութ ամփոփագիր՝ սպանության ամփոփագիրը չհաշված. սպանությունը 9-րդն էր, որով այս պատմությունը եզրահանգման եկավ»:
Նելլի Դուրյանը հայտնեց, որ այդ ութ ամփոփագրերից չորսում ոստիկանությունը ահազանգ էր ստացել, թե ամուսինը ծեծում է կնոջը, երկուսում ամուսինն էր ահազանգել եւ հայտնել էր, որ իր զոքանչը եւ կինը իրեն են ծեծում: Յոթերորդ ամփոփագրի դեպքում աներն էր ահազանգել, թե ամուսինն է ծեծում, իսկ ութերորդ ամփոփագիրը փոխադարձ ահազանգի արդյունք էր. ոստիկանություն էր ահազանգել նախ ամուսինը՝ հայտնելով, որ կինն ու զոքանչն իրեն են ծեծում, ապա կինը, թե ամուսինն է իրեն եւ մորը ծեծում: Նա հավելեց, որ բոլոր դեպքերում նյութերին ընթացք է տրվել:
«Այստեղ սահմանված են եղել ժամեր, երբ ամուսինը կարող էր երեխային տեսակցել դատարանի որոշմամբ՝ միայն կնոջ ներկայությամբ, որը հետագայում, ըստ ամուսնու ԴԱՀԿ ներկայացրած տվյալների, կինը ամեն կերպ խոչընդոտել է, որ երեխային չտեսներ: Այսինքն` մենք ունենք խնդիր, որ անառողջ մթնոլորտ է տիրել ընտանիքում»,- ասաց Նելլի Դուրյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ