«Թող գյուղնախարարը գա բացատրի, թե ինչու երեկ կարկուտներ կրակող սարքերը չեն եղել, ո՞ւր են դրանք: Չէ՞ որ ոչնչացրին խեղճ գյուղացու եղած-չեղած ապրանքը: Անցյալ տարվա պարտքերը չեն տվել էս անխիղճները»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա ասաց, որ ամենաշատ վնասները կրել են Էջմիածնում, երբ Արմավիրի մարզում մեծ քանակի հակակարկտային կայաններ պետք է որ լինեին:
Նրա խոսքերով՝ «Թող կանգնի ու ասի: Ես հարց տվեցի՝ խաղողի պարտքերը մարե՞լ եք արդյոք, պատասխանեց՝ ոչ, ամբողջությամբ չի մարվել: Բա ձեր խիղճը գա, եթե անցյալ տարի մարդը փող, վարկ է վերցրել, որ խաղող աճացնի, քեզ տա, դու ապրանքը առել ես, նրա փողը չես տվել, էս տարի նա քո հետ կգա՞ պայմանագիր կնքի: Հո ապուշ չի, խի՞ պիտի գա: Ու տենց ոչնչացնում են: Ապրանքները հասցնում են Լարս, հետո ասում են՝ փակ է ու ոչնչացնում են ապրանքը: Ձուկը ո՞նց հոտացրին, մեկ ամիս առաջ խեցգետինը: Տարան հասցնի օդանավակայան, ասեցին՝ ձեր ապրանքը որակյալ չի, իբր ռուսներն են ասել, հետո ճշտվեց, որ էդպիսի բան չկա, եւ մարդը, որի ապրանքը՝ ձուկը փչանում է, 10 հազար դոլարի ապրանք ունի, ի՞նչ պիտի անի: Հանկարծ հայտնվում է մեկը, որ զանգում ասում է՝ ախպեր, քո ապրանքը փչանում է, արի 10 անգամ էժանով ես առնեմ ու մարդու բիզնեսը տալիս ոչնչացնում են: Թող գան կանգնեն ու ասեն՝ ո՞նց եղավ էդպես: Գյուղատնտեսությունը ոչնչացնում եք, տուրիզմը ոչնչացնում եք»:
Արամ Մանուկյանն ասաց, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները վատացրեց, 5 մլն տուրիստ կախված էին օդում, չգիտեին ուր գնան՝ Եգիպտոսը փակ, Թուրքիան փակ, 6-7 անգամ ավելի շատ ռուս տուրիստներ գնացին Վրաստան, Հայաստան չեկան: Ինչո՞ւ, որովհետեւ տոմսերը 2 անգամ էժան են, հյուրանոցները էժան են: Մեր պատգամավորներից մեկն ասել էր՝ Հայաստանում հանգստանալն ավելի թանկ ա, ես գնամ արտասահման հանգստանամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ