Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյանը`ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ալիեւի ոգեւորության մասին (Տեսանյութ)

Հուլիս 11,2016 16:44

2016թ. հուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի ընդունած եզրափակիչ փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Հարավային Կովկասի եւ հետխորհրդային տարածքի հակամարտություններին: «Փաստաթղթում փաստվում է, որ ՆԱՏՕ-ն սատարում է բոլոր պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նաեւ կոչ է անում ավելի մեծ քաղաքական կամք դրսեւորել`առկա կոնֆլիկտները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար`հիմնվելով նաեւ Հելսինկյան սկզբունքների վրա, իսկ Հելսինկյան սկզբունքներում անդրադարձ կա նաեւ ազգերի ինքնորոշմանը»,- «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԼՂՀ հարցին կատարված «բացասական» անդրադարձերի մասին, ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը բանաձեւը բավական ստանդարտ է որակում ու նկատում է. «Եթե ադրբեջանցիներին այդքան դուր է գալիս «տարածքային ամբողջականության» դրույթը, ազատ են այն յուրովի մեկնաբանել: Բայց հարցն այստեղ ավելի լայն է եւ ավելի խորը»:

Ռուբեն Մեհրաբյանն առանձնացնում է ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, որի ժամանակ, ինչպես հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, երկու նախագահներն էլ մերժել են պատերազմը, կողմերը հավատարիմ են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Հետեւաբար, ամերիկյան կողմն այսօր իր ընդգծված շահագրգռությունն է ցուցաբերում, որպեսզի Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափով ակտիվորեն շարունակի բանակցային գործընթացը: ՆԱՏՕ-ի գլխավոր Քարտուղարի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի կողմից հայտարարություն եղավ, որ ստատուս-քվոն չի կարող հավերժ լինել: Նաեւ Սերժ Սարգսյանի ելույթում ստատուս-քվոյի հետ կապված ասվեց, որ այն կփոխվի, երբ կճանաչեն ԼՂՀ-ն: Սա շատ կարեւոր կետ է եւ նշանակում է, որ Ադրբեջանին հետաքրքրող դրույթները կքննարկվեն միայն մեկ դեպքում, երբ որ կլուծվի հիմնական հարցը»,- ասաց քաղաքագետը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հարցի անդրադարձներից հետո,Ռուբեն Մեհրաբյանը տարօրինակ է համարում այն, որ ՌԴ ԱԳ նախարարը գնում է Բաքու եւ Ալիեւը խոսում է ԼՂՀ հարցի`միայն փուլային տարբերակով հնարավոր լուծման մասին: «Սա փաստում է մեկ բան`ՌԴ-ն եւ Ադրբեջանը համակարծիք են այն մոտեցման մեջ, որ ամերիկյան առաջարկները չպետք է անցնեն»,- ասում է քաղաքագետը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031