Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում առաջին անգամ անցկացված «Մենակատարներ» ոչ մրցութային անվանակարգի լավագույն մասնակիցները, Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ են ունեցել գալա-համերգով: Համերգի դիրիժորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, վարչական շրջանների ղեկավարներ:
Համերգային ծրագրի շրջանակում մայրաքաղաքի երաժշտական 10 դպրոցների 12 սաները նվագախմբի հետ կատարել են աշխարհահռչակ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:
Համերգի ավարտին ներկաները, որոնց թվում եղել են նաև բազմաթիվ երաժշտագետներ, նշել են, որ երեխաների կատարումները ոչնչով չեն զիջել արհեստավարժ երաժիշտներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն