Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ է ՀԱԿ-ը համագործակցելու. Արամ Մանուկյանը՝ «քցելու համար մեռած» ընդդիմադիրների մասին

Հուլիս 11,2016 16:16

Քաղաքական ո՞ր ուժի հետ է պատրաստ ՀԱԿ-ը համագործակցել: Այսօր «Հայացք» ակումբում այս հարցին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ ՏԻՄ ընտրություններին Գյումրիում եւ Վանաձորում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու մոտեցում կա. «Այս պահին քննարկումներ են գնում այլ ուժերի հետ՝ համատեղ անցկացնելու, բայց զուգահեռաբար մենք առանձին գնալու տարբերակն ենք քննարկում: Կողմ ենք քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելուն, տեղերում դաշինք կազմելն ավելի հեշտ է, քան հանրապետական մակարդակում: Տեղերում քո հակասությունները սուր չեն: Իսկ խորհրդարանականում ինքնուրույն գնալը ավելի հավանական է, քան կոալիցիաներով, մեծ դաշինքներ դժվար թե լինեն: Սա իմ անձնական մոտեցումն է»:

Մեր դիտարկմանը, որ առաջ միշտ ասում էիք, որ մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ մենակ ընտրություններին մասնակցելն անհնար է, դժվար է, բա ինչպե՞ս եք պատկերացնում մենակ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը՝ նա պատասխանեց. «Բնական է, որ համախմբման դեպքում հնարավորությունները շատանում են, բայց նաեւ մեր տառապանքը փորձ ունի եւ չենք ուզի համագործակցել այնպիսի մարդկանց, այնպիսի կուսակցությունների հետ, որոնք քցելու համար մեռած են: Շատ ենք տեսել, էլի, գնում ես, գնում ես, մեկ էլ տեղ ես հասնում, նոր ինքը հիշում է, որ ինքը լավն է, ինքը ավելի խելոք ա: Մոդա է դարձել ՀՀ քաղաքական դաշտում դրոշ փոխելը: Թաշկինակի նման երկու ամսվա մեջ կարա ինքը սկզբունք փոխի, նոր կուսակցություն ստեղծի: 4-5 կուսակցություն փոխած մարդիկ…ոնց ասեմ, վստահելի չեն: Դու չես կարող թիկունքդ իրեն վստահել: Ես հակված չեմ էդ մարդկանց հետ գնալ կոալիցիայի: Ինքը կարող ա պառլամենտում ամենասուրը քննադատի, լավ են ասել պառլամենտում՝ թույլատրած ընդդիմություն է: Էդ թույլատրած ընդդիմության հետ ռիսկ է գնալը, հակված չենք: Հասարակությունը կարող է ուրախանալ՝ հա, միացան, որովհետեւ գյուղերում չգիտեն, որ էդ տղեն 4 տարվա մեջ 4 կուսակցություն է փոխել: Մի հատ անեկդոտ կա Գյումրիում, ասում է՝ ճակատի վրա գրած է՝ ես էս կուսակցություն եմ, հիմա արդեն վազող տողով են գրում: Ես գնամ ի՞նչ միանամ իրենց հետ»:

Մեր դիտարկմանը, որ խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանն ընդդիմադիրներին ասաց՝ ձեզնից յուրաքանչյուրը գիտի ինչքան թռնեք, որն է այդ չափը, այսպես ասած, չպետք է վեր-վեր թռնեք՝ Արամ Մանուկյանն արձագանքեց. «Մեծամտություն չհամարեք, բոլոր լուրջ ուժերը շատ ավելի համեստ են եւ իսկապես գիտեն իրենց ռեզերվը, իրենց հնարավորությունների չափը: Ես մեզ համարում եմ լուրջ ուժ եւ երբեք թռվռացող հայտարարություններ հավանաբար չեք էլ լսել: Ուրիշ սկզբունք կա, գոնե իրական ընդդիմադիրները պետք է իրար շատ թիրախ չդարձնեն»:

Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ին էլ են մեղադրում, որ պիտակներ եք կպցնում մարդկանց՝ դավաճան, հաճախորդ եւ այլն՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Հաճախորդ մենք չենք կիրառել, իշխանությունն է կիրառել: Էդ իրենց տերմինն է, թող կիրառեն ինչքան ուզում են իրենց հաճախորդների վերաբերյալ: Իրենց գործն է, իմիջիայլոց, վատ չեն անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031