Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հուլիսի 11-ին «Հոդված 3» մամուլի ակումբում ասաց, որ ոստիկանությունը պատրաստակամ է պայքարել ընտանեկան բռնության դեմ:
Նա ներկայացրեց 2016 թվականի վեց ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Նելլի Դուրյանն ասաց, որ վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք, նախորդ տարվա 342-ի դիմաց: Կենակցի կողմից արձանագրվել է ընտանեկան բռնության երեք դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45:
Նախորդ տարվա ընթացքում կենակցի կողմից արձանագրված ընտանեկան բռնություններ չեն արձանագրվել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 205-ն դեպք է արձանագրվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 4, ծնողի կողմից զավակի նկատմամբ` 29, զավակի կողմից կնոջ նկատմամբ՝ 50:
2016 թվականի ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանության է ենթարկվել 4 կին, ներառյալ նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցած սպանությունը: Սպանությունից երկու դեպքում հանցագործությունը կատարել են ընկերները, երրորդը՝ դուստրը սպանել է մորը:
Կարդացեք նաև
Նելլի Դուրյանը նաեւ հայտնեց, որ ոստիկանությունում ընտանեկան կենցաղային ոլորտի իրավախախտումներ թույլ տված 544 ընտանիք է հաշվառվել, նախորդ տարի այդ թիվը եղել է 402: Այդ ընտանիքներից 219-ը հաշվառված են Երեւանում, 99-ը ընտանիք հաշվառված է Կոտայքի մարզում, 67-ը՝ Շիրակում եւ 66-ը՝ Լոռիում:
«Սա խոսում է այն մասին, որ ավելի շատ են վստահում, սա խոսում է նրա մասին, որ ստեղծվել է համապատասխան վարչությունը, որ ազգաբնակչության իրավագիտակցությունն է բարձրացել, որ մեր հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ աշխատանք են իրականացնում, քարոզչական արշավները բավականին ակտիվ են: Ինչ վերաբերվում է ընտանիքներին, որոնց թիվը ավելացել է 142-ով, սա իհարկե՛, խոսում է նրա մասին, որ ինչու չէ նաեւ ոստիկաններն են ավելի շատ սկսել հայտնաբերել այդ ընտանիքներին, որտեղ որ վատ եւ անհաշտ մթնոլորտ է, ավելի շատ են սկսել հաշվառել: Միգուցե նաեւ ավելացել է այս ընտանիքների թիվը, ինչը չի բացառվում»,- ասաց Նելլի Դուրյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ