Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը Հայաստանից կպահանջի՞ դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը

Հուլիս 11,2016 16:00

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների
նոր փուլի եւ դրանց` ղարաբաղյան կոնֆլիկտի վրա հնարավոր ազդեցությունների մասին:

– Երեկ Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ հիմնական քննարկման առարկան ՆԱՏՕ-ՌԴ հարաբերություններն են: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում ՌԴ-ն կհայտարարվի «ռազմավարական սպառնալիք»: Ձեր դիտարկումներով՝ ինչպե՞ս կարձագանքի ՌԴ իշխանությունը սրան` նկատի ունենալով այդ երկրի իշխանությունների մինչ այժմ դրսեւորած վարքագիծը: Արդյոք այսպիսով «սառը պատերազմի» նոր փո՞ւլ է սկսվում, ի՞նչ աշխարհաքաղաքական վերադասավորումներ սպասել:

– Աշխարհաքաղաքական գործընթացներն իսկապես հետաքրքրական զարգացումներ ունեցան վերջին տարիներին՝ Ռուսաստանը վտարվեց Մեծ ութնյակից եւ իր արեւմտյան ցամաքային սահմանների ողջ երկայնքով անջրպետվեց ԵՄ-ում իր հավանական ռազմավարական դաշնակիցներ Գերմանիայից ու Ֆրանսիայից: Ըստ էության, ուկրաինական ճգնաժամի արդյունքում ամբողջականացավ Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից եւ մայդանացված Ուկրաինայից բաղկացած այն հակառուսական պատվարը, որի միջոցով էլ առաջիկա տարիների ընթացքում կապահովվի ՌԴ ցամաքային մեկուսացումը ԵՄ-ից: Սա առաջին ծավալուն կանխարգելիչ գործողությունն էր, որն ուղղված էր Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների անցանկալի խորացման դեմ:

Նույն նպատակին ծառայող երկրորդ գործողությունը կարող ենք համարել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքը՝ Լոնդոնի եւ Բրյուսելի մոտալուտ պաշտոնական ապահարզանի հեռանկարը նոր ճաքեր առաջացրեց եվրոպական միասնության ողջ կառույցի մեջ: Եվ ահա այս իրավիճակում՝ թուլացող եւ հեղինակազրկվող ԵՄ-ի՝ ինքնապահպանման բնազդով թելադրված քաղաքական ջղաձգումներին համընթաց, այս օրերին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը, որը, ամենայն հավանականությամբ, կոչված է լինելու հստակեցնել այդ դաշինքին անդամակցող պետությունների ռազմաքաղաքական առաջնայնությունները առաջիկա տարիների համար:

Կարծում եմ, որ այս գագաթնաժողովը կարող ենք կոչել բրիտանա-ամերիկյան ընկերակցության կողմից Ռուսաստանի հանդեպ վարվող ընթացիկ քաղաքականության այն երրորդ միջանկյալ հանգրավանը, որը կհստակեցնի պաշտոնական Մոսկվայի մանեւրելու հնարավորությունները սահմանափակելու եւ նրա ազդեցության ոլորտն էապես սահմանափակելու հետագա ծրագիրը: Չեմ կարող բացառել, որ գուցե իսկապես գագաթնաժողովի ամփոփիչ բանաձեւում Ռուսաստանը կարող է հռչակվել «ռազմավարական սպառնալիք», սակայն կարծում եմ, որ այդ դաշինքի առաջնորդներն առայժմ կգերադասեն Կրեմլին գրգռող սուր ձեւակերպումներից զերծ մնալ եւ դրա փոխարեն կջանան գործնական՝ ռազմավարական ծրագրավորման մակարդակում նախապատրաստել սեփական շահերն առաջ մղելու համար անհրաժեշտ միջոցները:

– Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շեմին կրկին ակտիվացել է ՀՀ եւ ԼՂՀ տարածքների նկատմամբ իր ռազմական ոտնձգություններում: Գագաթնաժողովի արդյունքները, դրանց արձագանքները եւ անդրադարձները կարո՞ղ են ղարաբաղյան ճակատում լոկալ պատերազմի առիթ լինել կամ ավելին՝ վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների:

– ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին Ադրբեջանն ի ցույց է դնում ռազմական ուժի կիրառման միջոցով արցախյան տարածքները զավթելու իր մտադրությունների լրջությունը: Այդ կերպ պաշտոնական Բաքուն փորձում է համոզել բոլորին, որ պատերազմն անխուսափելի կլինի, եթե Հայաստանը համառի ու հրաժարվի սանկտպետերբուրգյան հանդիպումների ժամանակ արցախյան տարածքները երկու փուլով Ադրբեջանին հանձնելու առնվազն երկկողմ մի ձեւաչափով փոխհամաձայնեցված ծրագրից: Հավանաբար դրա անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ Մինսկի խմբի ոչ բոլոր համանախագահ պետություններն են համաձայն նրան, որ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի Կրեմլում գրված սցենարով, եւ կարիք է զգացվել այս կերպ նախազգուշացնել, որ սանկտպետերբուրգյան մութ գործարքի այլընտրանքը պատերազմն է լինելու:

– Մի քանի օր առաջ Երեւանում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստից հետո հայտարարվեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստվում է կազմել մինչեւ 2028 թվականի զարգացման ծրագիր, որտեղ դրույթ կներառվի, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են ՆԱՏՕ-ի` դեպի Արեւելք տարածմանը: Ի՞նչ խնդիրների առջեւ է այսպիսով կանգնում Հայաստանը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մինչդեռ բավական արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:

– Կարծում եմ, որ այս կերպ հատկապես ռուսական կողմը փորձում էր մեղմել ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի իր համար սպառնալիք պարունակող հնարավոր բանաձեւումները: Ոչինչ չէր խանգարում, որպեսզի ՀԱՊԿ անդամ պետությունները հենց նախապես այդ զարգացման ծրագրերը կազմած լինեին ու ներկայացնեին դրանք Երեւանում, սակայն, ամենայն հավանականությամբ, այս կազմակերպության շրջանակներում ՆԱՏՕ-ին հակազդելու մակարդակի վերաբերյալ վերջնական որոշումները կայացվելու են հյուսիսատլանտյան դաշինքի անդամ գործընկերների կոնկրետ ծրագրերը պարզելուց հետո միայն: Այսինքն՝ այս պահի դրությամբ քաղաքական ու ռազմական նախաձեռնությանը Արեւմուտքն է տիրում, իսկ Ռուսաստանն իր դաշնակից վարչակազմերի հետ առայժմ մտածում է արեւմտյան նախաձեռնումներին հակազդելու մասին: Չի բացառվում, որ այս համատեքստում Հայաստանին կարող են կանգնեցնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու կտրուկ պահանջի առաջ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ ԱԳ նախարարների երեւանյան նիստի բանաձեւը, որում անդրադարձ կար նաեւ ԼՂ հարցին: Իշխանական շրջանակներից արձագանքներ հնչեցին, որ այդպիսով իրենց կեցվածքով ադրբեջանամետ Ղազախստանը եւ Բելառուսը նույնպես ստիպված եղան արձանագրել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը կարեւոր եւ պարտադիր բաղադրիչ է: Դրա իրացումն էլ անխուսափելի է:

– Տարածքներ հանձնելու դիմաց կարգավիճակ ստանալու հիման վրա հակամարտության կարգավորումը բացարձակապես անընդունելի է բոլոր դեպքերում՝ այդ բանաձեւի կիրառումը կործանարար է հայկական կողմերի համար: Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեով ինքնորոշվելու հարցին, ապա լավ կլինի, որ մեր հայրենի հողատուները հիշեն ու մտապահեն, որ ադրբեջանական կողմը դիտարկում է արցախահայության ինքնորոշման հնարավորությունը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ ես չեմ կարծում, որ այս հարցում Բելառուսն ու Ղազախստանը պաշտոնական Բաքվի վերոհիշյալ մոտեցման հետ կապված տարընթերցումներ կունենան:

 
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031