Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չտա՜նք Սևանա լճի մակարդակի բնականոն աճի կասեցում. ՀԲՃ

Հուլիս 11,2016 15:17

Պաշտոնական տվյալներով, վերջին 4 տարում (2012-2015թթ.) Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 6 սմ-ով, այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում) նրա մակարդակը բարձրացել էր 1,75 մ-ով: Այսինքն, վերջին 4 տարիների ընթացքում լճի մակարդակի աճ գրեթե տեղի չի ունեցել (տես գծագիրը), չնայած, որ այդ ժամանակահատվածներում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները շատ չեն տարբերվել միմյանցից: Իհարկե, այդ տարիների ընթացքում նկատվել են նաև ոչ այնքան բարենպաստ բնակլիմայական պայմաններ, սակայն դրանով չի կարելի պատճառաբանել և արդարացնել այն անհերքելի փաստը, որ վերջին 4 տարում ակնհայտորեն կասեցվում է Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը, որի մասին, ի դեպ, դեռևս 2006-ին ակնարկում էին Սևանա լճի ճակատագրով «խիստ» մտահոգ, բնության «մեծ» սիրահար պաշտոնյաները, ովքեր մշտապես տարբեր ուղիներ էին փնտրում Սևանա լճի մակարդակի ինքնաբուխ աճն օր առաջ կանգնեցնելու թեկուզ 1900 մ նիշի սահմաններում, քանի դեռ լիճն իր «օրեցօր» հզորացող, երբեմնի ահազդու ալիքներով վրեժխնդիր չի եղել և չի «լվացել-տարել» լճի ափամերձ հսկայական տարածքներում այդ նույն մարդկանց և իրենց «յուրայիններին» պատկանող բազմաթիվ թանկարժեք առանձնատները, հանգստյան, հյուրանոցային և ռեստորանային համալիրները՝ տարբեր գերշահութաբեր օբյեկտներով, խաղատներով և այլն:

Untitled-1

Եվ իրոք, 2006 թվականին պետական բարձր մակարդակով քննարկվել է ՀՀ բնապահպանոււթյան նախարարության առաջարկությունը Սևանա լճի մակարդակի բարձրացման օրենսդրորեն ամրագրված առավելագույն չափի՝ 1903,5 մ նիշի փոփոխման հետ կապված հարցը: Նախատեսվել է լճի մակարդակի բարձրացման միջոցառումներն իրականացնել 3+3 մետր երկու փուլով` համապատասխանաբար 15 և 17 տարի ժամկետներում: Միաժամանակ առաջարկվել է լճի մակարդակի բարձրացման վերը նշված առավելագույն չափի փոփոխման գործընթացը սկսել լճի մակարդակի բարձրացման 1-ին փուլով նախատեսված 1900 մ նիշին հասնելուց հետո միայն:

Արդյո՞ք սա նախօրոք մտածված հատուկ ծրագիր չէր լճի մակարդակը 1900 մ նիշի վրա «սառեցնելու» նպատակով: Անկասկած: Իրոք, այս վերջին 4 տարիներին լճի մակարդակը (չնչին շեղումներով) կանգնած է եղել հենց այդ 1900 մ նիշի վրա, և ոչ մի կերպ «չի կարողացել» հաղթահարել այդ «պատնեշը»: Հակառակ պարագայում Սևանա լճի մակարդակն այսօր առնվազն 1,2-1,5 մ-ով բարձր կլիներ ներկայիս մակարդակից, ինչը, բնականաբար, ամենևին էլ ձեռնտու չէ շատ պաշտոնյաների և օլիգարխների: Դա է հիմնական պատճառը, որ այս վերջին տարիներին, այդպիսի մեծ ծավալներով ու ինտենսիվությամբ, այն էլ շատ անխնա (ոռոգման անվան տակ) լրացուցիչ ջուր էր բաց թողնվում լճից (տես՝ «12 տարում Սևանից «անհետ» կորել է մոտ 2 մլրդ խմ ջուր», «Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին» հոդվածները):

Ահա, թե ինչ հեռահար նպատակով է «ծրագրվել» Սևանա լճի մակարդակի բարձրացման երկփուլային տարբերակը: Կասկածից վեր է, որ վերոհիշյալ 1-ին և 2-րդ փուլերի միջև այս 4 տարիների լճի նույն մակարդակով «ընդմիջումը» կշարունակվի երկար տարիներ, քանի դեռ նրա ափամերձ հսկայական տարածքները բռնագրաված, բռնազավթված են նույն օլիգարխ-պաշտոնյաների կողմից՝ թույլ չտալով լճի մակարդակի բնականոն բարձրացումը:

Ցավոք, այսօր մեր պետությունը կառավարողները թույլ են տալիս ևս մեկ ճակատագրական (գուցե և` մտածված) սխալ Սևանա լճի նկատմամբ: Նրա ափամերձ տարածքներից բացի, «գրչի մեկ հարվածով» օլիգարխներին է հանձնվելու նաև լճի ջրային տարածքի որոշ մասը՝ հետագայում միգուցե հավակնելով նրա ողջ տարածքին իր բոլոր բնական պաշարներով հանդերձ: Դա դրդված, միաժամանակ շատ «հնարամիտ» և «խորիմաստ» քայլ է, որի վերջնական նպատակն է արդեն իսկ արտեզյան ջրերը գրեթե ամբողջովին վատնած, «ցամաքած» Արարատյան դաշտից «Հայկական ձկնարդյունաբերությունը» Սևանա լիճ տեղափոխելը, ինչով մեծ հարվածի տակ է դրվում, ոչ միայն լճի հետագա ինքնամաքրման գործընթածը, այլև վտանգում է քաղցրահամ ջրի մեր այս շտեմարանը՝ ապականելով այն ևս մեկ ուժեղ աղտոտման աղբյուրով՝ ձկան արհեստական կերով:

Քանի որ վերջին տարիներին գրեթե լրիվ կասեցվել է լճի մակարդակի բարձրացումը, և հնարավոր է, որ այդ միտումը շարունակվի նաև հետագայում՝ ամբողջովին անավարտ թողնելով դեռևս ծանր հիվանդի վիճակում գտնվող Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը, ապա դրանով, առաջին հերթին խաթարվելու է լճի, նրա ջրահավաք ավազանի էկոլոգիական հաշվեկշռի վերականգնման, ինշպես նաև հետագա անհրաժեշտ, շարունակական միջոցառումների համալիր ծրագրերը, որոնց մշակման աշխատանքներին տարիներ շարունակ մասնակցել են ՀՀ ԳԱԱ մի շարք գիտահետազոտական ինստիտուտների համապատասխան կառույցների բազմաթիվ առաջատար մասնագետներ:

Հետևապես, Սևանա լճի միակ փրկությունը, նրա գոյատևման երաշխիքը եղել և այսօր էլ մնում է` նրա մակարդակի անշեղ և շարունակական բարձրացումը, որը մեր ողջ ժողովրդի անվիճելի հրամայական պահանջն է Հայաստանի կառավարությունից:

Ելնելով ստեղծված իրադրությունից, մեկ անգամ ևս դիմում ենք Սևանա լճի խնդիրներով անմիջապես զբաղվող պետական բարձրաստիճան այրերին. մի՜ կասեցրեք Սևանա լճի մակարդակի բնականոն աճը, մի՜ զրկեք Սևանին բնության ընծայած փրկարար օգնությունից: Իսկ լճի մակարդակի

փոփոխման դինամիկայի վիճակագրական հարցերով զբաղվող կառույցների ղեկավարներին հորդորում ենք այսուհետ զերծ մնալ հանրությանը շփոթեցնող տեղեկատվական տվյալից` 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանա լճի իրական մակարդակի (ծովի մակերևույթից) արհեստականորեն 20 սմ-ով ավելացված չափը հաշվարկելով որպես լճի մակարդակի բնական աճ: Դա նշանակում է մոտ 250 մլն խմ ծավալի ջրի ավելացում լճի պաշարներին, որն իրականում գոյություն չունի:

Նշենք նաև, որ Հայաստանի ջրամբարների շատ հաճախակի կիսատ «լցնելը» (թերևս` միտումնավոր), հետագայում «արդարացնող» փաստարկ է դառնում Սևանից լրացուցիչ ջրի «ստիպողական» բացթողմանը՝ «օգնելով» օլիգարխներին «սառեցնել» լճի մակարդակի հետագա բարձրացումը:

Ստորև բերված են այն հիմնական հարցադրումները, որոնք հաճախակի բարձրացվում են բնապահպանների կողմից, և որոնց պատասխաններն ու պարզաբանումները համապատասխան կառույցների կողմից հիմնականում հնչեցվում են, մեղմ ասած, ոչ այնքան արժանահավատ, երբեմն իրարամերժ և չհիմնավորված փաստարկներով.

ա) Վերջապես, ե՞րբ է գործարկվելու 12 տարի առաջ (26.04.2004թ.) իբր թե շահագործման հանձնված և մինչ օրս ընդհանրապես չգործած` «Որոտան-Արփա» թունելը, որը նախատեսված է Սպանդարյանի ջրամբարից լրացուցիչ ջուր Սևանա լիճ տեղափոխելու համար:

բ) Ինչո՞ւ տարիներ շարունակ Հայաստանի ջրամբարները կիսատ են լցվում:

գ) Ինչո՞ւ է վերջին տարիներին «Արփա-Սևան» թունելով տեղափոխվող առանց այն էլ ոչ մեծ ծավալի ջրի զգալի մասը Սևանա լիճ հասնելու ճանապարհին բաց թողնվում Եղեգիս գետն ու ի վերջո հոսում Նախիջևանի տարածք:

դ) Ինչո՞ւ են տարիներ շարունակ ձգձգվում «Արփա-Սևան» թունելի վերականգնման աշխատանքները:

ե) Ինչո՞ւ ոռոգման ջրանցքների ցանցը չի նորոգվում, որի պատճառով պաշտոնական մարմինների տվյալներով ջրի առնվազն` 60-70%-ը կորչում է նրանց «ճեղքվածքներում»:

զ Ինչո՞ւ է պրոֆիլակտիկ նպատակներով ատոմակայանի աշխատանքը դադարեցվում հատկապես ոչ ոռոգման սեզոնին, որի պատճառով լճից մեկ կամ երկու ամսով լրացուցիչ ջուր է բաց թողնվում՝ «Սևան-Հրազդան» կասկադի ՀԷԿ-երն աշխատացնելու նպատակով: Արդյո՞ք դա միտված չէ լճի մակարդակի բարձրացման կասեցմանը:

է) Ինչո՞ւ չի գործարկվում Սևանա լճից բաց թողնվող և «Արփա-Սևան» թունելով լիճ մուտք գործող ջրի ծավալների շուրջօրյա վերահսկման այնպիսի ավտոմատ համակարգ, որի միջոցով շահագրգիռ մարդիկ և կազմակերպությունները հնարավորություն ունենան առցանց հետևել այդ գործընթացին։

Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ

Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

 

Հ.Գ. Կարծում ենք, որ մեր քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը, հատկապես` բնապահպանները, բազմաթիվ ՀԿ-ներ և այլ կառույցներ, ամբողջովին կկիսեն մեր այս մտահոգությունն ու ցավը՝ կապված Սևանի էկոհամակարգի ներկայիս անկայուն, չափազանց խոցելի, լրիվ անպաշտպան և անմխիթար վիճակի հետ, և համոզված ենք, որ նրանք նույնպես զորավիգ կլինեն լճի հետագա պահպանմանն ու գոյատևմանը, նրա էկոհավասարակշռության վերականգնմանը, թույլ չեն տա Սևանա լճի մակարդակի բնականոն աճի կասեցումը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների քմահաճ ցանկությամբ և պարտադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031