Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ժողովը բարեկիրթ օրիորդների վարժարան չէ»

Հուլիս 11,2016 15:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը
եւ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Թեման պատգամավորական էթիկան է:

Գոհար Հակոբյան.– Հարցը ուզում եմ երկուսիդ ուղղել. ԱԺ-ում կա էթիկայի հանձնաժողով, որը բարոյական հարթությունում գործող մարմին է: Այն ձեզ բավարարո՞ւմ է:

Արմեն Մարտիրոսյան.– Բավարարելու մասին, ըստ իս, խոսք լինել չի կարող: Երբ մարդը գալիս է խորհրդարան, պետք է պատրաստ լինի դրան, իր գործունեության պատասխանատվության աստիճանը ընկալի եւ նաեւ գիտակցի, թե ինչի համար է եկել խորհրդարան: Եթե այդ ամենը չկա, 10 հատ էլ էթիկայի հանձնաժողով լինի, միեւնույն է՝ որեւէ խնդիր այդ առումով չի լուծվելու, առավել եւս, եթե մարդիկ գալիս են խորհրդարան կեղծված ընտրությունների արդյունքներով, եւ գիտեն, որ որեւէ հասարակական պատիժ չեն ստանալու: Այսինքն՝ երբ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չկա, մնացած բոլոր ինստիտուտները դառնում են առոչինչ: Այն, ինչ բարոյական հետեւանք է թողնում, պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն ենթադրի, որ ազդեցություն ունենա…

Գ. Հ.– Տիկին Կարապետյան, Դուք համաձա՞յն եք պարոն Մարտիրոսյանի հետ: Էթիկայի հանձնաժողովը կարո՞ղ է զսպել էթիկայի նորմերը խախտող պատգամավորներին, ինչ-որ ձեւով կարգի հրավիրել:

Նաիրա Կարապետյան.- Կուզենայի, որ զրույցը գնար թեմայի շրջանակներում, եւ անդրադարձ չարվեր հին երգին՝ կեղծված ընտրություններ, ոչ կեղծված:

Ա. Մ.- Մենք հին երգերը շատ ենք սիրում…

Ն. Կ.- Մենք էլ հին ընկերներին… այնուամենայնիվ, կիսում եմ պարոն Մարտիրոսյանի այն կարծիքը, որ մարդու մեջ ներքուստ եւ ի ծնե պետք է լինի զսպվածությունը եւ գիտակցումը, որ ստանձնելով կարեւոր պաշտոն՝ ներկայացնում ես մի մասսայի, որ քեզ քվե է տվել:

Գ. Հ.- Ձեր կարծիքով՝ այսօրվա պատգամավորների քանի՞ տոկոսն ունի այդ գիտակցումը:

Ն. Կ.- Ամեն մարդ իր հոգեկերտվածքի չափով ունի այդ գիտակցումը: Բայց այստեղ կա խնդիր էթիկայի հանձնաժողովի հետ կապված, այն իմաստով, որ մենք պատգամավորին կտրում ենք կյանքից, իրականությունից՝ սարքելով մի պաշտոն, մի սիմվոլ՝ մոռանալով, որ պատգամավորը եւս մարդ է, նա եւս ունի հուզումներ, զգացմունքներ, նյարդերը կարող են տեղի տալ, եւ էթիկայի հանձնաժողովը կոչված է հենց նրան, որ պարզի՝ արդյոք արձանագրվե՞լ են կամ բարձրաձայնվե՞լ են էթիկայի խախտումներ, դրանք եղել են չարաշահելով պաշտոնեական դիրքը, թե՞ այլ պատճառով: Մյուս կողմից՝ ոչ ոք պատգամավորին չի արգելում արտահայտել իր զգացմունքները, հուզումները, մտքերը…

Գ. Հ.- Ներողություն, բայց պատգամավորներից մեկը խորհրդարանում բռնաբարելու, մյուսը շիշը գլխին տալու հայտարարություն արեց, բոլոր օրինակները չթվարկեմ… Ստացվում է, որ եթե իրենք որպես մարդ հուզվեցին, ուրեմն կարող են իրենց ամեն ինչ թո՞ւյլ տալ:

Ն. Կ.– Շատ ավելի տգեղ է, երբ մարդ կանխամտածված է ինչ-որ բան անում, քան այն, որ մարդիկ հույզերի ազդեցության ներքո են ասում: Իմիջիայլոց, մեզ մոտ միայն սպառնում են, դուք տեսեք, թե ինչեր են կատարվում ուրիշ երկրների խորհրդարաններում, ուրիշ տեղեր բառիս բուն իմաստով շիշն էլ են գլխին տալիս, ծաղիկներն էլ, քարշ են տալիս, ծեծում…

Գ. Հ.– Պարոն Մարտիրոսյան, համամի՞տ եք տիկին Կարապետյանի ասածների հետ, այսինքն՝ ստացվում է արդեն ժամանակավրե՞պ են բանավոր հայհոյանքները, ժամանակն է անցնել ձեռնամարտի՞, ու մեր խորհրդարանը ավելի բարվոք վիճակո՞ւմ է:

Ա. Մ.- Բացառությամբ 1996 թ., երբ խորհրդարանի ներսում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառվեց, այլ դեպք կարծես թե չի գրանցվել: Մի անգամ էլ, եթե հիշողությունս չի դավաճանում, 2000-ականներին է պատգամավորներից մեկը մեկի մասին արտահայտություններ արել, Հակոբ Հակոբյանը բարձրացավ, ինչ-որ բաներ ասեց, մնացած դեպքերում բանը ձեռնամարտի չի հասել, 96-ով սահմանափակվեցինք: Բայց մի քանի հարց գոյություն ունի: Ակնհայտ է, որ խորհրդարանը բարեկիրթ օրիորդների վարժարան չէ, մարդիկ գալիս են քաղաքական հայացքներով, քաղաքական ամբիցիաներով, քաղաքական գնահատականներով, եւ այդ իրավիճակում մի նուրբ գիծ կա, երբ չեն կարողանում զսպել քաղաքական գնահատականը ու քաղաքականից անցնում են անձնական վիրավորանքի, ինչն անընդունելի է: Ցանկացած պարագայում քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն իսկապես քաղաքական դաշտի ներկայացուցիչները եւ ոչ թե կրիմինալ, գործարար, ադմինիստրատիվ ռեսուրսը եւ այլն: Ընդ որում, ինչքան փորձառու է քաղաքական գործիչը, այնքան քիչ է անձնական հարաբերությունների դաշտ մտնում կամ խոշոր կիքս թույլ տալիս, թեեւ կարող է ծաղրանքի տարր պարունակի խոսքը, բայց ուղիղ անձնական վիրավորանք չի լինում:

Ճիշտ է, տիկին Կարապետյանն ինձ հորդորեց, որ հիշողությունների գիրկը չընկնեմ, բայց պիտի ասեմ, ցավոք սրտի, քանի որ մեր խորհրդարանում քաղաքական գործունեությամբ զբաղվողները ճնշող փոքրամասնություն են, այդ սահմանները հաճախ խախտվում են, բայց խոշոր հաշվով վերցրած՝ լայն իմաստով ամեն ինչ չափի եւ բանականության շրջանակում է: Ի դեպ, հատկապես ընտրությունների նախաշեմին են մարդիկ փորձում երեւալ, որ ավելի ընդդիմադիր են, արած սխալները քողարկել բարձրագոչ հայտարություններով…. Փառք աստծո, որ իշխանություններն այդպիսի խնդիր չունեն, նրանք կկեղծեն եւ վերջ: Մինչդեռ ոմանք, երբ գալիս է այդ պահը, փորձում են ցույց տալ, որ իրենք ոչ թե սեւ են, այլ սպւտակ են, Հռոմի պապից ավելի կաթոլիկ են, ուղղադավան իսլամիստ են: Բարեբախտաբար, «Ժառանգությունը» չի փոխվել՝ ինչպես ընդդիմադիր եղել ենք, այդպես էլ մնում ենք:

Քննարկումն ամբողջությամբ՝


Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031