Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրապետյանին հուշում են՝ եթե Պուշկին 4/5 հասցեի մառանը չքանդի, ավելի շատ եկամուտ կունենա

Հուլիս 11,2016 15:00

Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն ու գերակա շահի զոհերը ձեռնոց են նետում կառավարությանը. նրանք երկրի ղեկավարությանը փորձում են սովորեցնել սիրել Երեւանն ու պահպանել մեր մայրաքաղաքում արդեն հատուկենտ մնացած հին շենքերն ու դրանք ծառայեցնել զբոսաշրջության զարգացմանը:
Պուշկին 4/5 հասցեն՝ որպես հանրային գերակա շահ, վաղուց արդեն կառավարության կողմից ճանաչվել է իրացման գոտի. այս հասցեի շենքը եւ հարակից շենքերը եւս քանդման ենթակա են, տարածքի կառուցապատողը շինարարարության բիզնեսով զբաղվող Սամվել Մայրապետյանն է: Տարածքի բնակիչները մի քանի տարի է՝ պայքարում են Մայրապետյանի դեմ, որպեսզի համարժեք փոխհատուցում ստանան:

Պուշկին 4/5 հասցեի շենքի նկուղում, եւ ոչ միայն այս հասցեի, նաեւ հարակից շենքի նկուղներում, գինու հին՝ 19-րդ դարի մառաններ են: Այս մառանների պահպանման համար զբոսաշրջային եւ գինեգործության ոլորտի ներկայացուցիչների սիրտն ավելի է ցավում, քան պետական պաշտոնյաների:

Հուլիսի 7-ին այս հասցեում «Արենի Փառատոն» հիմնադրամը «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջ հետ նշված հասցեի մառանում հայկական նոր գինու համտես էին կազմակերպել, ներկայացվում են հայկական յուրահատուկ պանիրներ ու այլ ուտեստներ: Դեռ ամիսներ առաջ մեր այցելության ժամանակ այս մառանը պատրաստ չէր հյուրեր ընդունելու, առավել եւս՝ գինու հյուրասիրության. սեփականատերն ահազանգում էր մառանի ու շենքի քանդման մասին:

«8 ամիս առաջ, երբ իմացանք, որ շենքն ու մառանը քանդելու են, որոշեցինք այսօրվա միջոցառումն անել, այն բարիության միջոցառում է: Ուզում ենք ցույց, որ Երեւանը բարի է, եւ հինը նորի հետ կարելի է համադրել, ու եթե պահպանվի այս տարածքը, այն կդառնա երեւանցիների ու զբոսաշրջիկների սիրված վայրը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Թե ինչ արդյունք կտա միջոցառումը՝ Մանուկյանը դժվարացավ ասել, միայն հույս հայտնեց, որ իրենց ուղերձը տեղ կհասնի, եւ քանի որ Հայաստանն ունի հնարավորություն գինու տուրիզմը զարգացնելու, ապա կառավարության անդամները որոշում կկայացնեն հետ կանգնել քանդելու մտադրությունից:
Պուշկին 4 հասցեի բակը, ինչպես մեզ հետ զրույցում պատմում են բնակիչները, պատմություն ունի. այստեղի մի քանի տների նկուղներում 19-րդ դարի մառաններից բացի՝ նաեւ պանրի գործարան է եղել, Պուշկին 4/5 հասցեում եղել է Երեւանի առաջին ատամնաբուժարանը: Միջոցառման նախաձեռնողներն ասում են, որ այս հասցեն հին Երեւանի պատմության մի մասն է, եւ այն հրաշալիորեն կարելի է մատուցել զբոսաշրջիկներին, միայն թե նախ պահպանել է պետք, ոչ թե քանդել:
«Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանն էլ դատական գործընթացի մեջ է, կրկին պայքարում է իր՝ շուրջ 20 տարվա ռեստորանը քանդել թույլ չտալու համար:

4-2

Ավանյանը, որպես գործարար, տարածքի կառուցապատողին՝ Մայրապետյանին, հուշում է՝ Պուշկին 4/5 հասցեն շատ թանկարժեք է, եւ այն չքանդելու դեպքում կարող է մեծ օգուտներ բերել. «Եթե ես խոսում եմ գործարարի հետ, ապա ասեմ՝ գործարարին պետք է ֆինանսական օգուտ: Այս միջոցառմամբ ցույց ենք տալիս, որ կա ֆինանսական օգուտ: Լավ բիզնես անես՝ փող կստանաս: Այլ երկրներում մի հատ ժայռ են ցույց տալիս, ասում՝ այստեղ Աֆրոդիտեն է ապրել, լեգենդ: Իսկ սա լեգենդ չէ, իրական պատմություն է: 19-րդ դարում հայերն ունեցել են գինի եւ պանիր պատրաստելու մշակույթը՝ պանիր են կերել ու հետը գինի խմել: Այսինքն՝ դա ֆրանսիական մենաշնորհը չէ: Եթե գործարարն այս տարածքը վերանորոգի, ավելի շատ փող կաշխատի»:

Միջոցառման կազմակերպիչները Մայրապետյանին հորդորում են՝ եթե նույնիսկ շենքը քանդելու է ու հյուրանոց կառուցի, գոնե մառանը պահպանի, այն յուրահատուկ կլինի եւ առաջինը Հայաստանում՝ հյուրանոց՝ 19-րդ դարի մառանով:
Միջոցառմանը ներկա էր նաեւ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա մի փոքր արբեցած էր, ոչ գինով, այլ միջավայրով, մառանով, իսկ թե կքանդե՞ն զբոսաշրջության համար կարեւոր այդ մառանը, թե՞ ոչ՝ Ապրեսյանին կարծես քիչ էր հուզում: Մեզ հետ զրույցում Ապրեսյանը վստահեցնում է, որ տեղյակ էլ չէ, որ տարածքն իրացման գոտի է: Մեր հարցին՝ որպես զբոսաշրջության ոլորտի պատասխանատու, չե՞ք պատրաստվում մի բան նախաձեռնել մառանի պահպանման համար, Ապրեսյանը ժպիտը դեմքին ասում է՝ «Շատ գեղեցիկ միջոցառում է, ինչո՞ւ եք քանդելուց խոսում: Եկեք գեղեցիկով ապրենք եւ գեղեցիկը պահպանենք»:

Ի տարբերություն Ապրեսյանի՝ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ավելի մտահոգ էր տարածքի պահպանումով. միջոցառման բազմաթիվ հյուրերից էր նաեւ Բախշյանը: Նա մեզ հետ զրույցում ասում է. «Ոգեւորված եմ այս մառանի գոյությամբ: Այս մարդիկ իրենց ջանքերով որ այսքանն արել են՝ հակադրում են կառավարության բարբարոս որոշմանը: Մայրապետյանն այս ջանքերը որ տեսնի, ինքը տեղն ու տեղը պետք է մտածի սա շարունակել, ու որքան ուզում է՝ շահույթ ստանա, միայն թե պահպանի: Ցավոք, այսօրվա միջոցառումն ասում է, որ որոշ մարդիկ իրենց բիզնես շահը գերադասում են իրենց արժանապատվությունից, երկրի պետականության գաղափարից, մեր դարավոր պատմությունից, միայն իրենք շահ ունենան: Ասեմ՝ ոչ, չի հաջողվելու, չեն կարողանալու քանդել ու շարունակել իրենց բարբարոսությունը»:

Իսկ «Դոլմամայի» հիմնադիր Ավանյանն էլ վստահ ասում է՝ «Չեն քանդելու, ո՛չ «Դոլմաման», ո՛չ էլ այս մառանը: Չի կարող մի անձի սեփականության իրավունքը գերակա լինել բազմաթիվ անձանց սեփականության իրավունքին»:
Կհաղթի բիզնես շահը, թե 19-րդ դարի մառանը՝ մի քիչ էլ սպասենք, կտեսնենք:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031