Օրերս Նկարիչների միությունում առաջին անգամ բացվեց Հայաստանի կիրառական արվեստի եւ դիզայնի աշխատանքների ցուցահանդես: Ներկայացված են շուրջ 40 նկարիչների աշխատանքներ: Ի դեպ, Հայաստանի կիրառական արվեստի եւ դիզայնի միությունը 2014թ. հիմնադրել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Սեդրակյանը:
Մեզանում վերջին շրջանում հաճախ են կազմակերպվում հայաստանցի եւ տարբեր ազգությունների նկարիչների ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ: Այնպես որ, գոնե երեւանցի գեղարվեստասերներին հեշտ չէ զարմացնել ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններով:
«Առավոտը» նկատեց, որ այցելուները ոչ միայն փոքր-ինչ երկար են կանգնում մոսկվաբնակ նկարիչ Թադեւոս Տեր-Մեսրոպյանի ստեղծագործությունների առջեւ, այլեւ փսփսալով քննարկում ներկայացված երեք՝ «Մետամորֆոզներ», «Տիեզերք» եւ «Կոմպոզիցիա» աշխատանքները: Դրանք առաջին հերթին աչքի են ընկնում գույների հարմոնիայով եւ կոնտրաստով, տիեզերական անսահմանությամբ ու խորությամբ:
Մեզ հետ զրույցում 1995թ. Մոսկվայում ապրող ու ստեղծագործող Թադեւոս Տեր-Մեսրոպյանի կինը՝ Կարինե Հունանյանը, որը հաճախ դառնում է ամուսնու մենեջերը, հիշեց 1995թ. ապրիլը: «Այդ թվականի ապրիլին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը կազմակերպել էի ամուսնուս գրաֆիկական եւ նրա եղբոր՝ լուսանկարիչ Արմեն Տեր-Մեսրոպյանի աշխատանքների ցուցադրությունը:
Հրավիրեցի նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներին: Ի զարմանս ինձ, նրանք ոչ պատշաճ տոնով դիմելով ինձ, ասացին՝ ո՞վ է ձեզ թույլ տվել նման ակցիա անցկացնել: Ի պատասխան՝ ես էլ հպարտ պատասխանեցի՝ թույլտվությունը ստացել եմ իմ եւ ամուսնուս տատերից ու պապերից, ովքեր հրաշքով են փրկվել եղեռնից: Իսկ կայացած ցուցահանդեսին ներկա էին նաեւ ռուսաստանյան ԿԳԲ-ի աշխատակիցներ, որոնք տեսնում էին, թե ինչպես ոչ միայն ռուս, այլեւ այլազգի արվեստասերը հուզմունք է ապրում գործերը դիտելիս: Նշեմ, որ ընդամենը որոշ ժամանակ անց Ռուսաստանը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը, իսկ այդ միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին»,- հավաստիացրեց տիկին Հունանյանը:
Թադեւոս Տեր-Մեսրոպյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ այցելուները նկատելի երկար են կանգնում իր աշխատանքների մոտ: Բացատրության մի մասը հասկանալի է, քանի որ Հայաստանում քիչ են գրաֆիկայի բնագավառում ստեղծագործողները. վրձնի մեր վարպետների մեծ մասը նախընտրում է յուղանկարչությունը, կտավի վրա հաստ ու թանձր շերտերը, քան, ասենք, ջրանկարչության թեթեւ ու փափուկ վրձնահարվածները։
Այստեղ նույնպես «օգնության» հասավ արվեստագետի կինը: Նա շեշտեց, որ ամուսինը Հայաստանում առաջիններից է, ով ստեղծագործում է սերիգրաֆիայի տեխնիկայով: Հիշեց 1993թ. Արվեստի աշխատողների տանը Գրիգոր Խանջյանի խոսքերը՝ ուղղված ամուսնուն՝ «Դու գիտե՞ս, որ իսկապես հայտնություն ես»: Մեր խնդրանքին՝ ի՞նչ ասել է սերիգրաֆիայի տեխնիկա, պարոն Տեր-Մեսրոպյանը հակիրճ պատասխանեց. «Ֆոտոպրոցեսով ստացվող գրաֆիկական տեխնիկա»: Հետո սահուն անցում կատարեց՝ ներկայացնելով դստերը՝ Սուսաննա Խանամիրյանին, ում համակարգչային գրաֆիկայով արված «Անվերջությունը», «Ամենատես աչքը» եւ «Կոմպոզիցիա» գործերը նույնպես ներկայացված են այս ցուցահանդեսում: Հայրը հակիրճ բնութագրելով դստեր աշխատանքները, նշեց, իր խոսքերով՝ «Սուսաննայի գործերում ավելի շատ նկատվում է վիրտուալ փիլիսոփայությունը: Նա այստեղ ներկայացված ստեղծագործությունների համար ժամանակին Մոսկվայում արժանացել է ոսկե մեդալի»:
Այնուհետեւ Թադեւոս Տեր-Մեսրոպյանը հետաքրքիր դրվագներ պատմեց՝ իր անհատական, խմբակային, ինչպես նաեւ եղբոր ու դստեր հետ նախկինում տարբեր երկրներում կայացած ցուցադրություններից: Հիշեց, օրինակ, 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ ինքը Հունգարիայում էր, ու երկրաշարժից ընդամենը ժամեր անց Բուդապեշտում ցուցադրության է ներկայացրել համերկրացի վրձնակիցների ստեղծագործությունները: Ասաց, որ այդ լուրից ցնցված էին ներկա տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց թվում կային մարդիկ, որոնք Հայաստան անունն առաջին անգամ էին լսում… Ի դեպ, նշեց, որ նրանք ինքնաբուխ հանգանակություն են սկսել:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
09.07.2016