«Քանդում են մի կառույց, որը խնդիր չունի եւ համարվում է պատմամշակութային կառույց: Եթե ուզում ենք քանդել, պետք է ունենանք նախագիծ, թե ինչ պետք է լինի դրա տեղում, բայց չկա նախագիծ»,-այսօր «Մեդիա Կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժման խնդրին, ասաց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը:
Նա տեղեկացրեց, որ հայ ճարտարապետներն օդանավակայանի հին մասնաշենքի շահագործման երկու նախագիծ են ներկայացրել կոնցեսիոներին: Ըստ հեղինակների` դրանք լուծում են բոլոր խնդիրները, մինչդեռ անտեսվել են: «Մենք այլ նպատակ ենք տեսնում…Իրենք ոչինչ չեն ներկայացնում, բայց որոշում են քանդել: Չունենալով նախագիծ` ի՞նչն են քանդում»,-հարցադրում արեց Գրիգոր Ազիզյանը:
Նա հիշեցրեց, որ Երիտասարդական պալատի («Կուկուռուզնիկ») ապամոնտաժման դեպքում էլ ամեն ինչ սկսվեց առանց նախագիծ ներկայացնելու. «Այսինքն, առանց նախագծի ամայացնում են տեղը… ոչինչ չկա Երիտասարդական պալատի տեղում` արդեն 12 տարի: Փակ շուկայի դեպքում էլ գիշերով բուլդոզերները մի քանի ժամում հարթեցրել էին տարածքը, նույն բանը կարող է կատարվել «Զվարթնոցի» դեպքում: Մենք վերահաշվարկ ենք արել` կարելի է ուժեղացնել շենքը` առանց մեծ գումարներ ծախսելու: 20-40 միլիոնի վերականգնողական աշխատանքի մասին է խոսքը: Ամեն ինչ պետք է շենքում փոխել, որովհետեւ քանի տարի է` չեն հետեւել»:
Ազիզյանի խոսքով` կամ Էռնեկյանի թիմը նրան չի տեղեկացնում կատարվածի մասին, կամ էլ կատարում է հստակ հրահանգ: «Սերժ Սարգսյանն ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում խառնվեց, այնպես էլ այստեղ էլ պետք է խառնվի: Նա ասաց իր խոսքը եւ պուրակը մնաց պուրակ: Նույնն էլ «Զվարթնոցի» դեպքում պետք է անի»:
Կարդացեք նաև
Ըստ Գրիգոր Ազիզյանի` պետք է դադարեցնել քանդումը, մինչեւ լինի նախագիծ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ