Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենի վրա թքել` անբարոյականություն է». Հրաչ Պողոսյանը` «Զվարթնոց»-ի ապամոնտաժման մասին. (Տեսանյութ)

Հուլիս 11,2016 12:57

«Գործընթացը զզվելի է, անգամ չգիտեմ ինչ խոսքեր օգտագործեմ»,-«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժման աշխատանքներն այսպես է բնորոշում ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը:

«Օդանավակայանը համարվում է Սովետական պոստմոդեռնիզմի լավագույն օրինակներից: Այն արժեք է, որը պատկանում է ժողովրդին: Դրա պահպանման համար պայքարում են ճարտարապետները, այսինքն` պայքարում են ժողովրդի ունեցվածքը պահպանելու համար: Կարող ենք բողոքել, ասել-խոսել, բայց ժողովուրդը պետք է պահպանի իր ունեցվածքը: Էռնեկյանը երեւի լավ չի պատկերացնում` ինչ է անում: Արդեն առաջ է գալիս ազգի եւ պետության արժանապատվության խնդիրը, որովհետեւ պահպանման համար խոսեց հանրությունը, Ճարտարապետների միությունը, քննարկեց Հանրային խորհուրդը, որի որոշումներով` պահպանել է պետք: Հարցը քննարկվեց նաեւ Քաղաքաշինության նախարարությունում, եւ այս ամենի վրա թքել` անբարոյականություն է: Դա խոսում է այն մասին, որ ոչ ժողովրդի, ոչ պետության կարծիքը կարելի է հաշվի չառնել: Դա նշանակում է` հողին հավասարեցնել ազգի ու պետության արժանապատվությունը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հրաչ Պողոսյանը:

Նա զարմանում է, ՀՀ ղեկավարությունը լուռ նայում է` ինչ է կատարվում. «Գուցե կարեւոր խնդիրներ ունեն, բայց ճարտարապետությունը մեր ազգի հարստությունն է, չի կարելի օդանավակայանը քանդել: Էստակադան քանդելուց էքսկավատորի ծայրը պատահաբար «կպնում» է հիմնական շենքին ու…տեխնոլոգիան հայտնի է: Կարծում եմ` Էռնեկյանը լինելով հոգսերով զբաղված մարդ, պահում է այստեղ գործող թիմ, որն արգենտինացիներ են եւ շատ ցածրորակ ճարտարապետներ են, չեն կարողանում գտնել լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին: Միանգամից մի լուծում են տալիս` քանդել. չկա շենք, չկան խնդիրներ»:

Պողոսյանի խոսքով` արգենտինացի ճարտարապետներն անգամ կոնտակտի դուրս չեն գալիս եւ արհամարհում են հայ մասնագետների կարծիքը: Վերջինս կիսում է նաեւ Քաղաքաշինության նախարարությունը, սակայն «Էռնեկյանի կողմը բանի տեղ չի դնում»:

«Սերժ Սարգսյանը որպես երկրի ղեկավար պետք է ժողովրդին ձեռնտու որոշում ընդուներ: Ինչո՞ւ չի ընդունում, չգիտեմ»,-վրդովված ասաց ճարտարապետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031