Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարբարոսաբար քանդում-ջարդում են. «Զվարթնոցի» հիմնական շենքի մասեր էլ են վնասվել». Անահիտ Թարխանյան. (Տեսանյութ)

Հուլիս 11,2016 12:29

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի` Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժման աշխատանքներին` ասելով, որ դրանք ապօրինաբար շարունակվում են, իսկ օրերս մշակութային արժեքի քանդման դեմ ուղղված բողոքի ցույցը որեւէ արձագանք չգտավ:

«Հուլիսի 7-ին եղել ենք տեղում: Քանդումը կապ չունի ապամոնտաժման հետ` բարբարոսաբար քանդում ու ջարդում են շենքը: Հիմնական շենքի մասեր էլ են վնասվել: Ենթադրաբար, կամրջակներ են, որոնք էստակադան կապում են շենքի հետ: Շենքը ոչ թե ապամոնտաժվում է, այլ հարվածներով քանդվում-թափվում»,-պատմեց Անահիտ Թարխանյանը:

Նա արձանագրեց, որ խնդրով մտահոգ ճարտարապետներն անգամ չգիտեն` քանդման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը համապատասխան արտոնագիր ունի՞. «Անգամ օդանավակայան մուտք գործել հնարավոր չէ, խստիվ արգելված է մուտքը: Տպավորություն է, որ ապրում ենք մի թերակղզում, որտեղ չկա սահմանադրություն: Տեսե՞լ եք` ինչպես են թալանում օդանավակայանը»:

Տիկին Թարխանյանի համոզմամբ` առաջնահերթ խնդիրը հանձնաժողովի ստեղծումն է. «Այն կմիավորի մասնագետներին եւ պետական կառույցների ներկայացուցիչներին: Կպնդեի, որ դատախազության ներկայացուցիչներ էլ լինեն: Ցանկացած պետությունում, եթե տեղի ունենար այս ամենի կեսի կեսը, դատախազության համար լուրջ խնդիր կլիներ: Մեր դեպքում արդեն իսկ պետք է հետաքննություն սկսեին: Հրավիրում եմ դատախազության ուշադրությունը` սկսված են քանդման աշխատանքներ` վնասվում է պետական գույքը, որը դրված է թալանի: Որեւէ պետական մարմին չի արձագանքել: Չեմ հասկանում` մենք իրավակա՞ն պետությունում ենք ապրում, թե ոչ»:

Ճարտարապետը կարծում է, որ «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի ապամոնտաժման գործում կոռուպցիա կա, բայց ճարտարապետները միայնակ են, պետական մարմիններն էլ խնդրին լուծում չեն տալիս:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031