Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կկայունանա

Հուլիս 11,2016 11:50

Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 222 դեպքի: Քննարկվեց նաև Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքի տանիքում բռնկված հրդեհի դեպքը: Դեպքի վայրում են եղել 12 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը. ինչպես նաև՝ ներգրավվել է քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա: Հրշեջ-փրկարարական համակարգված աշխատանքների արդյունքում հրդեհը մեկուսացվել և մարվել է 00.53-ին:

Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց ծառայության համար և հանձնարարեց հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր հրշեջ-փրկարարներին ներկայացնել խրախուսման:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը նույնպես անդրադարձավ Տիգրան Մեծ 4 հասցեում գրանցված խոշոր հրդեհին, նշեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձագետները, նշանակվել է փորձաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառը ճշտելու համար:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 69.000 կրակոց, սակայն հուլիսի 10-ին տեղացած առատ անձրևն ու կարկուտը բազմաթիվ վնասներ են հասցրել հատկապես Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Գրանցվել է չորրորդ (ամենաբարձր) կարգի կարկտային պրոցես: Արմավիրի մարզում տուժել է 21 համայնք, որոնցից 15-ը չպաշտպանվող գոտում է եղել: Տնօրենի փոխանցմամբ՝ բազմաթիվ շենք-շինություններ տուժել են նաև ուժգին քամիներից, որոնց հասցրած վնասի չափը ճշտվում է: Անդրադառնալով եղանակային պայմաններին՝ Լ. Վարդանյանը նշեց, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, իսկ ասյօր արդեն համեմատաբար կկայունանա:

Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց, որ ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդը մասնակցում է հետաքրքիր մի նախաձեռնության: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հետ մեր վետերաններն այցելում են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներ՝ իրենց աջակցությունն ու շնորհակալությունը հայտնում: Այդ ծրագրի շրջանակներում՝ այցելել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սան Հրաչյա Մուրադյանի ընտանիք, ով ապրիլյան օրերի հերոսներից է:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

 

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031