2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը ներկայացնում է տուժողի իրավահաջորդ Լիանա Դարբինյանի շահերը: 2016 թ. մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լիանա Դարբինյանը Գյումրի ծննդատանը Կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է՝ ունենալով արական սեռի երեխա:
Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և ծննդատան անձնակազմը, շտապ կանչելով երեխայի հորը, հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տեղափոխել «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»՝ շնչառական ապարատ միացնելու նպատակով: Երեխայի տեղափոխումը հնարավոր չի եղել ժամանակին կազմակերպել. հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց երեխան մահացել է: Մահացած նորածնի ծնողները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը ոչ պատշաճ բժշկական օգնությունն է եղել:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), սակայն դրա շրջանակներում մինչ օրս չի նշանակվել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, որը հնարավորություն կտար պարզելու երեխայի մահվան բուն պատճառը: Փոխարենը՝ իրականացվել է ԴՆԹ հետազոտություն՝ պարզելու համար՝ արդյոք Լիանա Դարբինյանը մահացած նորածնի մայրն է, թե՝ ոչ: Ակներև է, որ հիշյալ հետազոտությունը, ըստ էության, որևէ կապ չի կարող ունենալ հարուցված քրեական գործի հետ, հետևաբար և՝ չի կարող տալ նորածնի մահվանն առնչվող հարցերի պատասխանները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Զալյանը 2016 թ. հուլիսի 1-ին միջնորդություն է ներկայացրել՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ՝ հարցադրումներ ներկայացնելով իրականացված բժշկական օգնության և նորածնի մահվան հետ դրա ունեցած կապի վերաբերյալ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ