Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյան.«Անգամ հայրս չի կարողանա ինձ պայքարից հետ կանգնեցնել» (տեսանյութ)

Հուլիս 10,2016 22:06

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը, որն արդեն ուսանող է, նախաձեռնել է ստեղծել «Ազգային միացյալ նախաձեռնություն» անունը կրող համազգային շարժում:

Ըստ նրա` այն կազմված է միայն երիտասարդական-ընկերական-գաղափարական հիմքի վրա՝ ազնիվ ու արժանապատիվ մարդկանցից ու չի համագործակցելու որևէ քաղաքական ուժի հետ:

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Շահեն Հարությունյանը ներկայացրեց ծրագիրն՝ ասելով. «Կլինեն մարդիկ, որոնք անվան հետ կապված, կփորձեն չակերտավոր՝ բոչկաներ գլորել, բայց ես չեմ փոխել իմ մտածած անունը, որն, ըստ էության, իմ պապիկի սկսած գործն էր, հորս շարունակածը: Հայրս չկարողացավ ձերբակալության պատճառով ավարտին հասցնել, նոր թափ տալ, իր հետ խորհրդակցելով, իրենից թույլտվություն ստանալով, որովհետև դա իր նախաձեռնությունն էր, անվան հետ կապված եմ նշում, իմ կազմակերպության անունը դրեցի «Ազգային միացյալ նախաձեռնություն»:

Հայաստանի Հանրապետությունը չի սահմանափակվում միայն Երևանով և իմ նպատակներից գլխավորը պայքարը համազգային դարձնելն է: Երեք տարի է՝ գտնվում եմ պայքարի մեջ, բայց չեմ տեսել, ենթադրենք, Մեղրիի որևէ գյուղից մարդկանց ներգրավեն պայքարի մեջ: Ես չգիտեմ՝ ինչի հետևանք է, բայց իմ կարծիքով խնդիրների լուծումը պետք է պայմանավորել նաև Երևանից դուրս հայությամբ, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող սփյուռքահայերի միջոցով պետք է որոշակի հարցեր, խնդիրներ լուծենք»:

«Ազգային միացյալ նախաձեռնությունը», ըստ բանախոսի, նպատակ ունի սեփական հայրենիքում կատարել քայլեր, որոնք կնպաստեն երկրում առկա արատավոր արժեհամակարգի, հաստատված բարքերի, օրենքների, ինչպես նաև պետական համակարգի վերափոխմանը, զարգացմանն ու հզորացմանը: Ըստ նրա, իրենց գերնպատակը  յուրաքանչյուրի երազած հայրենիքի կերտումն է, պայքարն է ընդդեմ ՀՀ-ում իշխանությունը ապօրինաբար զավթած կառավարության, որի գործունեության պատճառով երկրում տիրում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակ, կոռումպացված, օլիգարխիկ համակարգ, տեղի են ունենում մարդկանց իրավունքների ոտնահարում, քաղաքական ու քաղաքացիական հետապնդումներ ու հալածանքներ: Իրենք ձեռնամուխ  են լինելու բարեկեցիկ կյանքի կառուցմանը, նպաստելու են հայրենադարձությունը, կանխելու են արտագաղթը, բարձր մակարդակի են հասցնելու զինված ուժերի կազմակերպումը:

«Հետևյալ հայանպաստ պահանջների չիրագործման պարագայում «Ազգային միացյալ նախաձեռնությունը» ստիպված է լինելու ստանձնել անօրինական իշխանությունը օրինականացնելու «կենսական գործը» թե խաղաղ, և թե ոչ խաղաղ ճանապարհներով»,-գրված է ծրագրում:

Շահեն Հարությունյանն ասաց, որ իր նպատակն է ձևավորվել թիմ, որը հաստատակամորեն կփորձի պայքարել ու չի խուսափի որևէ հետապնդումից ու հալածանքներից: «Ունեմ հետևյալ մտորումը, եթե 10, 20 հոգով ենք, ռեժիմը շատ հեշտությամբ կարող է քսան հոգու ճնշել, բայց ենթադրենք, եթե մենք 1000, 2000 հոգի ենք և ավել, չեմ կարծում, որ ռեժիմը կկարողանա 1000-ին նույն ուժով ճնշել, ինչպես 20 հոգուն  է ճնշում:

Եթե տեսնի, որ հազար հոգի մարդ կա, բայց 20 հոգի ձերբակալելով, 980-ը կփախնեն տուն, կանի առանց վարանելու, կծեծի, կջարդի, կսպանի, բայց երբ որ տեսնի, որ 20 հոգուն ձերբակալելով, խոշտանգելով, 980 հոգին կմնան նույն տեղում կանգնած, ավելի մարտունակ ոգով կպայքարեն, ռեժիմն ավելի  լուրջ խնդրի առջև կկանգնի: Նպատակս դա է՝ ռեժիմին կանգնեցնել լուրջ խնդիրների առջև, փաստի առջև, մատնել խուճապի, իսկ ես դա մենակ չեմ կարող անել, տաս հոգով չեմ կարող, հարյուր հոգով չեմ կարող, դրա համար անհրաժեշտ է թիվ: Թիվն էլ չեմ ասում ամբողջ ժողովուրդը, ասենք հիսուն հազար, ինչպես շատերն են նշում, հազար, երկու հազար, երեք հազար»:

Լրագրողներից մեկի հարցին, թե այդ տարիքում ուժեղ զգո՞ւմ եք թվարկված այդքան շատ խնդիրներ լուծելու համար, Շահեն Հարությունյանն ասաց. «Գաղափարական առումով՝ այո, ուժեղ համարում եմ ինձ, բայց եսակենտրոնության հարց չեմ ուզում լինի: Ուժ ունեմ գաղափարական առումով, սկզբունքային առումով, երբեք չհամակերպվել, չհանդուրժել, անգամ եթե մարդ չկանգնի կողքս, մենակ քայլ անելու եմ: Բնականաբար, դա ռեժիմի համար չի լինի լուրջ վտանգ, արդյունք չի տա, բայց ես իմ արժանապատվությունը պահելու եմ, ես իմ պայքարը մղելու եմ: Հիմա կարող է հազար հոգի մարդ կանգնի, ասի՝ մենք էլ ենք վճռական մենակ, ինչպես պապաս է միշտ նշում ՝ հո ես Տորք Անգեղը չեմ, ես էլ եմ ասում՝ հո ես Տորք Անգեղը չեմ, որ մի քար վերցնեմ, մի շինության վրա շպրտեմ, վերացնեմ, ունեմ երկու ձեռք, ինձանից ինչ հասնում է կանեմ: Մտածում եմ ինչ-որ բան, բարձրաձայնում եմ, ունեմ ծրագիր, ասում եմ»:

Նա ասաց, որ Հայաստանի բնակավայրերի 30-40 տոկոսը, ինչպես նաև Սփյուռքն արդեն արձագանքել է:

Շահեն Հարությունյանը հիշեցրեց, որ ինքը պայքարի մեջ է մտել դեռ 14 տարեկանից իր հոր հետ՝ գիտակցելով ուր է գնում: «Հայրս սկզբում չէր թողնում, որ ես գայի, բայց ինքը չի կարող ու Հայաստանում, աշխարհում ոչ մեկ չկա, որ ինձ կարողանա պայքարից հետ պահել, այդ թվում մայրս: Հայրս սկզբում հետ էր պահում, բայց հետո ասում է՝ եթե իմ հետ ուրիշ էրեխեք գալիս են, ոնց կարող եմ իմ երեխուն տանը նստացնեմ, ասեմ՝ գիտես դու մի արի, թող ուրիշ երեխեն գա»:

Ըստ նրա, պայքարելիս տարիքը կապ չունի, կարևորը գաղափարն է: Նա նաև ասաց, որ ամեն ամիս տեսակցում է հորը, Շանթ Հարությունյանը շատ լավ է զգում իրեն, մարտական է տրամադրված: «Թող ի չիք դառնան այն կարծիքները, թե հայրս մտածում է՝ պայքար չպիտի լինի… Նա ինձ իր խորհուրդներով աջակցում է»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031