Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պահպանել խաղաղությունը. Վարդան Օսկանյանը՝ դիվանագետներին

Հուլիս 10,2016 19:47

Երեկ «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովի ժամանակ Վարդան Օսկանյանը, իր ելույթում խոսելով արցախյան հիմնախնդրից, հիշեցրեց, որ իր արտգործնախարար լինելու տարիներին պահպանվել է խաղաղությունը:

Ժողովից հետո Aravot.am-ը նախկին արտգործնախարարից հետաքրքվեց, թե ի՞նչ թերացումներ են թույլ տվել մեր դիվանագետները, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությունը, որը պատճառ դարձավ պատերազմի:

«Իմ ժամանակ իրոք եղել են հաջողություններ ու պատճառներից մեկը կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն էր: Ղարաբաղյան գործընթացում, երբ բանակցությունները փակուղի են մտել, ես ամենակարևորը համարում եմ նախաձեռնությունը վերցնելը, որովհետև երբեք պետք չէ բանակցությունները թողնել երկար ժամանակ մնան փակուղու մեջ: Դա շատ վտանգավոր է, խաղաղությունը միշտ պահպանվել է երկու պատճառով. հույս բանակցություններով հարցը լուծելու, երկրորդ՝ ռազմական  հավասարակշռություն ռազմաճակատում: Այսօր այդ երկուսն էլ խախտվել էին մինչև չորսօրյա պատերազմը:

Բանակցություններն արդեն երկու տարի է, որ փակուղու մեջ էին, իսկ ռազմական հավասարակշռությունը միանշանակորեն խախտվել էր ի օգուտ Ադրբեջանի, եթե ոչ իրականում, առնվազն գոնե ընկալմամբ: Այնպես որ, այդ երկուսի համադրումը՝ բանակցությունների փակուղում լինելը, թեկուզև ընկալմամբ ռազմական հավասարակշռության խախտման, այդ երկուսի համադրումը բերեց պատերազմի և շատ բնական էր, որ այդպես պետք է լիներ:

Հիմա ինչո՞ւ էին բանակցությունները փակուղում, իհարկե, այդ հարցը կարելի է բարձրացնել, նախաձեռնության պակասն է, ինչ-որ սխալներ են եղել, ինչ-որ այսպես արհամարհվել է այդ գործընթացը: Գիտեք այս պահին ես չէի ուզենա գնահատականներ տալ, ուղղակի փաստն եմ արձանագրում, որ բանակցությունները փակուղու մեջ են եղել:

Մեր հաջողության պատճառներից մեկը, որ խաղաղությունը պահպանվել է, այդ երկու իմ նշածների  հետևողական պահպանումն էր, միշտ եղել է բանակցություն ու փակուղի է մտել շատ արագ, մենք նախաձեռնություն ենք վերցրել նոր առաջարկությամբ, մի նոր հարթության վրա ենք բերել, մյուս կողմից էլ աշխատել ենք Ռուսաստանի ու այլ երկրների հետ, որպեսզի ռազմական այդ հավասարակշռությունը պահպանվի:

Գիտեք, որ դա սկսել է խախտվել 2012 թվականից հետո՝ ռուս-ադրբեջանական ռազմական մեծ պայմանագրից հետո, մինչ այդ մեզ հաջողվել էր թույլ չտալ այդպիսի պայմանագրի ստորագրում ու հաջողվել էր  այդ ռազմական հավասարակշռությունը պահել: Այնպես որ, այդ երկու գործոնները իսկապես շատ կարևոր են եղել: Իրոք, տաս տարի ոչ միայն խաղաղություն է պահպանվել, այլ խաղաղությունը պահպանվելով հանդերձ, առաջին անգամ լինելով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրվել է բանակցային փաստաթղթում: Սա էական առաջընթաց է, դիվանագիտական, ամեն ինչ պետք էր անել, որ դա պահպանվեր, հուսով եմ, որ դա դեռևս փաստաթղթում կա:

Ուղղակի զուտ դիտարկելով, վերջերս լսելով տարբեր մեկնաբանություններ, հայտարարություններ ամենաբարձր մակարդակով, ես զգում եմ, որ դա նույնպես այսպես խախտվել է ու այսօր շեշտը ոչ թե ինքնորոշման վրա է, այլ ընդհանրապես տարածքների վրա է, որը կարծում եմ, որ հայկական կողմի համար ձեռնտու տարբերակ չէ»:

Մեր հարցին, թե այս պահին ունե՞ն անելիք դիվանագետները, թե՞ հարցի լուծման միակ տարբերակը մնում է պատերազմելը, Վարդան Օսկանյանն ասաց. «Իհարկե, ունեն. բանակցությունները պետք է փակուղուց հնարավորինս շուտ դուրս բերեն: Հիշո՞ւմ եք, երբ նախագահը ինքը նախապայմաններ էր դնում բանակցությունների, ես հիմնական քննադատներից մեկն էի, ասացի, որ չի կարելի, ընդհակառակը մենք պետք է նախաձեռնենք, որ բանակցությունները փակուղուց դուրս բերվեն, բայց միաժամանակ նախաձեռնություն պետք է վերցնենք:

Այդ փակուղուց դուրս գալու ընթացքում, երբ նախաձեռնություններով հանդես են գալիս, մենք այնտեղ ասելիք կունենանք ու կկարողանանք նաև մեր տեսակետները այնտեղ ամրագրել, որովհետև, երբ փակուղի է ու դու նախաձեռնություն չես վերցնում, այլոք որ նախաձեռնություն են վերցնելու, երբեք քո ուզածն այնտեղ չեն դնում ու դա կարող է ի վնաս  հայկական կողմի լինել: Այնպես որ, բանակցությունները փակուղուց դուրս բերելու ջանքն անպայման պետք է զուգորդվի նախաձեռնություն վերցնելով, երկուսի համադրմամբ միայն կարելի է հաջողություն ունենալ»,- ասաց նախկին արտգործնախարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031