Հուլիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Հանդիսատեսը մինչեւ հուլիսի 17-ը հնարավորություն կունենա վայելել աշխարհի լավագույն ֆիլմերը եւ հանդիպել կինոյի դեմքերի հետ:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ փառատոնի բացմանը նախորդեց ծիրանօրհնեքի արարողությունը, ապա Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի եւ Ալբերտ Յավուրյանի անվանական աստղերը:
Կարդացեք նաև
Դրանից հետո կարմիր գորգի հանդիսավոր արարողությունն էր:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ հիմա դժվարին ժամանակներում ենք ապրում, եւ ամեն ինչ արվում է ազգայինը մոռանալու համար, իսկ երեք մեծանուն կինոգործիչների աստղերը բացելով, իրենք ուզում են կոչ անել՝ չմոռանալ հայ մշակույթի երախտավորներին: «Նրանց մոռանալն ուղղակի սրիկայություն կլինի»,-ասաց պարոն Խաչատրյանը:
Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը Կեսայանցի, Քեոսայանի եւ Յավուրյանի աստղերը որակեց չքնաղ եռանկյունի, հայկական կինոյի ամենատես աչքեր: Ասաց, որ սովորաբար աստղերով սքանչանում են հեռվից, բայց երեք անվանիները հնարավորություն են տվել, որ իրենց արվեստով միշտ սքանչանանք: Ալբերտ Յավուրյանի տիկինը համբուրեց լուսահոգի արվեստագետի աստղը: Հուզված ՝էին բոլորը: Ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ պատիվ է ունեցել երեքի հետ էլ աշխատել ու շատ մոտիկից ճանաչել է Կեսայանցին, Քեոսայանին եւ Յավուրյանին:
Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:
«Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է 1926 թ. Հայֆիլմ » կինոստուդիայի նկարահանած «Զարե» համր գեղարվեստական ֆիլմը: Ցուցադրությունն ուղեկցվեց ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի կենդանի կատարմամբ:
«Զարեն» պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի եւ ցարական պաշտոնյաների դեմ նրանց մղած պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Համո Բեկնազարյանն է:
«Ոսկե ծիրանը» բավականին գումար է ծախսել այն Մոսկվայում թվայնացնելու համար:
«Հայաստանի համար դժվարին տարի էր, բայց մեր կառավարությունը, մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, փառատոնի պատվավոր նախագահ Լեւոն Սարգսյանը եւ մեր գլխավոր հովանավոր Վիվա Սել-ՄՏՍ-ը ամեն ինչ արեցին, որ փառատոնի ընթացքը շարունակվի»,- նշեց Հարություն Խաչատրյանը: Նրա առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգվեց «Ոսկե ծիրանի» բարեկամ, իրանցի անվանի ռեժիսոր Աբաս Քիառոստամիի հիշատակը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ