Լրահոս
Օրվա լրահոսը

Տնից գիշերով փախած աղջիկը

Հուլիս 10,2016 18:39

Ուսանողական տարիներն էին: Ռազմիկը սովորում էր Պոլիտեխնիկ ինստիտուտի (հիմա՝ ճարտարագիտական համալսրան) ցերեկային բաժնում, իսկ իրենից մեծքույրը՝ Սիրանույշը, նույն պոլիտեխնիկի երեկոյան բաժնում (քանի որ ցերեկն աշխատում էր) և գիշերվա տասն անց կեսին էր տուն վերադառնում:

Ռազմիկն ամեն երեկոգնում էր տրամվայի կանգառ, որը ներկայիս Կոմիտասի փողոցի վրա գտնվող անշարժ գույքի կադաստրի գործակալության դիմացի մայթին էր, դիմավորում էր նրան ու տուն ուղեկցում: Նրանց վարձակալած բնակարանը գտնվում էր նեղլիկ փողոցի վերջնամասում, որը բանուկ Կոմիտաս պողոտայից էր ճյուղավորվում և բավականին հեռու էր գտնվում ու այդ ժամերին գրեթե չէր լուսավորվում, իսկ մարդկանց և մեքենաների երթևեկությունը զգալիորեն դադարում էր:

Այդ կանգառում, գիշերվա այդ ուշ ժամին հիմնականում միայն նրա քույրն էր իջնում տրամվայից՝ վերադառնալով վերջին դասից:

Հերթական մի երեկո, կանգնած տրամվայի կանգառում՝Ռազմիկը քրոջն էր սպասում, երբ ժամանեց հերթական տրամվայը և քրոջ փոխարեն,տրամվայի առաջին դռան հարթակից ուղղակի գետնին ցատկեց մի դեռահաս աղջիկ, վախեցած նայեց շուրջ բոլորը և տեսնելով լուռ ու դատարկ կանգառը, մի պահ երևի շփոթվեց, ապա վերջապես նկատելով Ռազմիկին, վազելով անցավ փողոցի երթևեկելի մասը ու մոտեցավ նրան:

Ռազմիկը, իհարկե, զարմացավ, այդ ուշ ժամին տեսնելով տասնչորս-տասնհինգ տարեկան դեռասհաս աղջնակին, որը միայնակ ինչ-որ տեղ էր շտապում: Մոտենալով Ռազմիկին, նա լացակումած բարևեց և շուտասելուկի նման սկսեց բլբլացնել իր ասելիքը.

-Կներեք, ես ծնողներիս հետ վիճել եմ ու զայրացած տանից փախել եմ, այս մոտակա փողոցում քեռիս է ապրում, բայց իրենց նեղլիկ փողոցը այնքան մութ է, որ վախենում եմ միայնակ գնալ, ինձ կուղեկցե՞ս մինչև նրանց տան դիմաց:

-Բայց ես քրոջս եմ սպասում նույն առաքելությամբ, նրան պետք է տուն ուղեկցեմ, դասից է գալու,-ասաց Ռազմիկը շփոթված:

-Իսկ նա ուսանող է, թե՞ աշակերտ,-հարցրեց աղջիկը՝ ձեռքի ափով սրբելով արցունքները:

-Ուսանող,-անտարբեր պատասխանեց Ռազմիկը:

-Ըհը, ուրեմն նա ինձանից բավավկանին մեծ է, երանի նրան, իսկ ես դեռ աշակերտ եմ:

Աղջնակը երևի այս շեշտադրումով տղային հասկացնում էր, որ նրա քույրը արդեն հասուն աղջիկ է և միայնակ էլ կարող է տուն գնալ, իսկ ինքը դեռ փոքր է և վախենալու իրավունք ունի:

Ռազմիկը մտածմունքի մեջ ընկավ, ի՞նչ անի: Եթե այս աղջնակին ուղեկցի նրա նշած հասցեով, ապա քույրը կգա ու իրեն չգտնելով իր տեղում մտորումների մեջ կընկնի, կանհանգստանա, թե ինչու եղբայրը դիմավորելու չի եկել, բայց մյուս կողմից էլ այս աղջնակին մենակ թողնել բախտի քմահաճույքին, նույնպես սխալ կլինի: Հակառակի պես իրենց ճանապարհներներն էլ հակադիր կողմերում են գտնվում:

-Իսկ ինչու՞ ես վիճել ծնողներիդ հետ,-հետաքրքրվեց Ռազմիկը:

-Դե՛, ես ընկերուհուս հետ գնում եմ սպորտային մարմնամարզության պարապմունքների, իսկ նրանք դեմ են դրան:

-Միայն դրա համար ե՞ք վեճ սարքել:

-Այո, ես շատ եմ սիրում այդ սպորտաձևը և անպայման շարունակելու եմ, իսկ նրանք ինձ դաշնամուրի դասերի են ուզում ուղարկել:

-Իսկ քեռուդ տունը այստեղից շատ հեռու՞ է:

-Այնքան էլ հեռու չէ, բայց մութ է, վախենում եմ, գիշերով երբեք այս կողմերում չէի եղել, չէի պատկերացնում, որ այսքան մութ կլինի:

-Բա տանից դուրս գալիս չէիր մտածում այդ մասին:

-Չէ, շատ զայրացած էի, ոչ մի բանի մասին էլ չէի մտածում:

-Դե՛, լավ,-մտքում որոշեց Ռազմիկը,-տրամվայը նոր եկավ, երևի քույրս սրանից ուշացել է, հաջորդը մի կես ժամից հազիվ ժամանի, այդ ընթացքում կհասցնեմ այս աղջնակին տեղ հասցնել ու ետ վերադառնալ և քրոջս դիմավորել, համ էլ քույրս ուսանողուհի է, մի վեց-յոթ տարով այս աղջնակից մեծ կլինի, այս անգամ էլ թող կամ մենակ տուն հասնի կամ սպասի կանգառում, մինչև ես ետ կգամ:

-Գնացի՛նք,-հրամայական տոնով ասաց Ռազմիկը և բռնելով աղջկա ձեռքից՝ արագ քայլերով կտրեցին անցան լայնահուն փողոցը ու մխրճվեցին նեղնլիկ ծուռումուռ փողոցի կիսամութ տարածքի մեջ:

Նեղլիկ փողոցի երկու կողմերում մեկ կամ երկհարկանի սեփականտներ էին, որոնց պատուհանների էլեկտրական լույսերն էին միայն լուսավորում շրջապատը: Երևի մի տասն րոպե քայլեցին և երբ հեռվում երևաց երկհարկանի լուսավոր մի շինություն, աղջիկը թողեց Ռազմիկի ձեռքը, շնորհակալություն հայտնեց ու ասելով, որ դա հենց իր քեռու տունն է, տեղից պոկվեց և արագ սլացավ դեպի այդ շինության կողմը:

Համարելով իր գործը ավարտված` Ռազմիկը արագ ետ վերադարձավ դեպի տրամվայի կանգառ  ու սպասեց քրոջ ժամանելուն:

Երկար սպասելուց հետո, վերջապես ժամանեց հերթական տրամվայը, սակայն ոչ-ոք չիջավ տրամվայից, այդ թվում նաև նրա քույրը:

Որոշ ժամանակ սպասելով և ենթադրելով, որ իր բացակայության ժամանակ, ևս մեկ տրամվայ է երևի անցել ու քույրը տեսնելով, որ եղբայրը չկա, մենակ տուն է գնացել, ինքն էլ բռնեց ետդարձի ճանապարհը:

Տանը, իհարկե, Ռազմիկին դիմավորեց զայրացած ու վրդովված քույրը, որը իջնելով տրամվայից և այնտեղ իրեն չգտնելով միայնակ տուն էր շտապել:

Երբ Ռազմիկը պատմեց իր բացակայության պատճառը, տանեցիները ըմբռնումով մոտեցան նրա արարքին և ներողամտություն ցուցաբերելով՝ միջադեպը համարեցին ավարտված:

Հիմա, երբ ժամանակների հեռվից տանեցիներով հավաքվում են սեղանի շուրջ, հիշում են այդ պատմությունը և քույրը միշտ եղբորը մեղադրում է, որ նա ճիշտ չի վարվել՝ իր հարազատին թողնելով մենակ՝ օգնել է օտար մի աղջնակի՝ ուղեկցելով նրան իր քեռու տուն:

Բայց եղբայրն էլ արդարանում է նրանով, որ  այդ  մանկահասակ աղջնակը այն ժամանակ այնպես էր հուզված,լաց էր լինում՝ իր ծնողների աննրբանկատ արարքից, որ ինքը չդիմացավ ու գլուխը կորցրած կատարեց այդ մարդասիրական քայլը:

Հիմա ես ձեզ եմ հարցնում հարգելիներս, արդյո՞ք ճիշտ վարվեց Ռազմիկը, թե՞, ոչ: Նրա համար հասարակական կարծիքը շատ կարևոր է՝ քրոջ մեղադրանքին ընդդիմանալու և արդարանալու համար:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031