Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան և Չինաստանի երաժիշտների ասոցիացիայի գործընկերությամբ կազմակերպել էր հայ-չինական ժամանակակից երաժշտության փառատոն, որն անցկացվեց ՀԿՄ «Համագործակցություն» նախագծի շրջանակներում.
«Քանի որ Կոմպոզիտորների միությունը նպատակ ունի ընդլայնել տարբեր երկրների հետ մշակութային կապերի աշխարհագրությունը, ուստի ստեղծվեց այս նախագիծը, որի շրջանակներում արդեն կայացել են հայ-ռուսական և հայ-վրացական ժամանակակից երաժշտության համերգներ: Այսօր Չինաստանն այն երկիրն է, որը զբաղեցնում է աշխարհում կարևորագույն տեղ, բացի այդ, այն հին քաղաքակրթություն, մշակույթ ունեցող երկիր է, և բնական է, որ մեր ուշադրությունից դուրս չմնաց որպես գործընկեր: Շուրջ երկու տարի առաջ նամակով դիմեցինք դեսպանատուն և երկարատև աշխատանքի արդյունքում այսօր նախագծի հայ-չինական համագործակցությունն իրականություն է», – նշում է նախագծի հեղինակ, ՀԿՄ աշխատակազմի ղեկավար, կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստան էին ժամանել Չինաստանի երաժիշտների ասոցացիայի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Հան Սինյանը, Չժեցչյան նահանգի կոնսերվատորիայի տնօրեն Սյուի Մընգունը և Չինաստանի ժողովրդական երաժշտության հրատարակչության տնօրեն Մոո Յունհուեյը:
Հյուրերը հուլիսի 9-ին նախ այցելել են Եղեռնի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին, որից հետո եղել են Եղեռնի թանգարան-ինստիտուտում և Փարաջանովի տուն-թանգարանում: Հետաքրքրական է, որ հյուրերը շատ էին տպավորվել հուշահամալիրի տեսքով: Ինչպես իրենք էին նշում՝ նորովի բացահայտում էր թե Հայաստանը, թե իր ճարտարապետությունը, թե երաժշտությունն ու առհասարակ մշակույթը: Փարաջանովի տուն-թանգարանում հյուրերին ուղեկցել է թանգարանի տնօրենը, ով ներկայացրել է Փարաջանովի կյանքը, գործունեությունը, հայ կինոն: Հյուրերը տպավորված լինելով նաև հայ կինոյի մեծանուն ներկայացուցչի գործունեությամբ՝ որոշում հայտնեցին խորապես ուսումնասիրել նաև հայ կինոարտադրությունը:
Մինչ համերգը հյուրերն այցելել են նաև Հայաստանի կոմպոզիտորների միություն: Հանդիպմանը ՀԿՄ նախագահը կարևորելով այցը Հայաստան՝ ներկայացրել է հյուրերին հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման ընթացքը և հույս հայտնել, որ սա հիմք կհանդիսանա երկու կողմերի ապագա սերտ համագործակցության համար: Հանդիպումից հետո հյուրերն այցելել են նաև Կոմիտասի պանթեոն:
Երեկոյան արդեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ համերգը: Բացման խոսքով հանդես եկավ Սվետլանա Ալեքսանյանը, ով նշեց նախագծի կարևորության մասին և ներկայացրեց հյուրերին: Ի դեպ, Չինաստանից ժամանած հյուրերի հետ համերգին ներկա էին նաև ՉԺՀ-ի դեսպանատան ներկայացուցիչները՝ հյուպատոսի գլխավորությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ով նշեց, որ երկու ժողովրդներին միմյանց կապում է հին պատմությունը և նոր ժամանակներում զարգացման նոր ուղիներ որոնելու ձգտումը :
Համերգի առաջին բաժնում հնչեց չինական երաժշտություն: Նախապես հայտնի էր, որ հյուրերի հետ Հայաստան էր ժամանելու Չինաստանի հայտնի տենորներից մեկը,ով պետք է ներկայացներ երկու չինական ժողովրդական երգ, սակայն հարգելի պատճառներով նրա այցը չիրականացավ:Նախագծի հեղինակի նախաձեռնությամբ՝ համարը դուրս չէր եկել ծրագրից, փոխարենն այն հնչեց հայ երաժիշտների կատարմամբ, որը շատ մեծ ջերմությամբ ընդունվեց հյուրերի կողմից: Հետաքրքրական է, որ երեկոյին հնչած ևս երկու չինական ստեղծագործություն էլ գրվել էր հատուկ այս համերգի համար:
Համերգի երկրորդ բաժնում էլ հնչեց հայ երաժշտություն, ներկայացվեց հայկական վիոլա գործիքն իր ամբողջ հմայքով. Գրիգոր Առաքելյանի կատարմամբ հնչեց Լոռվա գութաներգի մշակումը: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Ա. Սաթյանի, Գ. Հովհաննիսյանի, Ս. Ալեքսանյանի և Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունները:
ՀԿՄ փոխանցմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս համագործակցությունը կլինի շարունակական: Հաջորդ տարի նախատեսվում է հայ երաժշտության համերգ արդեն Չինաստանում:
Հայաստանի կոմպոզիտորների միություն
Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի